ՀՊՏՀ ուսանողների հերթական միջոցառումը` մանկատանը

Դիտումների քանակ՝ 1039

ՀՊՏՀ զբոսաշրջության կառավարում մասնագիտության 3-րդ կուրսեցիները  «Հանդիպումների, կոնֆերանսների և այլ միջոցառումների կազմակերպում» դասընթացի արտալսարանային պարապմունքի շրջանակում (դասախոս հակաճգնաժամային և  զբոսաշրջության կառավարում ամբիոնի ասիստենտ Հասմիկ Համբարձումյան) դեկտեմբերի 11-ին  «Մարի Իզմիրլյանի անվան հատուկ մանկատանը» կազմակերպել են «Ազգայինը մեր մեջ» խորագրով միջոցառումը, որին մասնակցել են  մանկատան սաները:

«Մենք ամեն պահի տեսնում ենք, թե ինչպես է օտար մշակույթը ներխուժում մեր կյանք, և  ինչպես են շատերը տուրք տալիս դրան: Այսօր ազգայինն ու ավանդականը պահպանելու, այն սերունդներին  փոխանցելու խնդիր կա: Ուստի որոշեցինք մանկատան երեխաների ուժերով պատրաստել փոքրիկ բեմադրություն, որի ընթացքում երեխաները կներկայացնեն մեր ավանդական տոները, պարերն ու ճաշատեսակները»,- ներկայացնելով միջոցառման նախապատմությունը` լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց զբոսաշրջության կառավարում մասնագիտության 3-րդ կուրսեցի Կատարինե Գալստյանը:  Վերջինիս խոսքով` ձևավորել է 7 հոգուց բաղկացած կազմկոմիտե, որը  հանդիպել է մանկատան տնօրենին: Պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո կազմակերպիչներն ընտրել են բեմադրությանը մասնակից երեխաներին և սկսել փորձերը: Մանկատան սաները մեծ ոգևորությամբ և պատրաստակամությամբ են մասնակցել բոլոր փորձերին՝ ձգտելով կատարել  ուսանող բեմադրիչների բոլոր ցուցումները: Միջոցառման ընթացքում  ազգային տարազներով երեխաները ներկայացրել են ազգային ավանդույթները, ազգային ճաշատեսակների պատրաստման եղանակները, չիր ու չամիչով զարդարել  ամանորյա տոնածառ: Այս ամենն ուղեկցվել է ազգային երգերի ու պարերի կատարմամբ:

Միջոցառումից հետո ուսանողները մանկատան սաների համար կազմակերպել են փոքրիկ հյուրասիրություն և նրանց հանձնել նվերներ: Կազմակերպիչների խումբը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ում օգնությամբ ու աջակցության իրականացրել են իրենց այս ծրագիրը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՊՏՀ հակաճգնաժամային և զբոսաշրջության կառավարում ամբիոնի դասախոսներ Հասմիկ Համբարձումյանն ու Ստեփան Մանթարլյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին