Դեկտեմբերի 10-ից կմեկնարկեն հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի վերջին կուրսերի մագիստրոսական ատենախոսությունների պաշտպանությունները

Դիտումների քանակ՝ 1042

ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանի տեղեկացմամբ` դեկտեմբերի 10-25-ը կանցկացվեն հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի վերջին կուրսերի մագիստրոսական ատենախոսությունների պաշտպանությունները: Այս գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար համապատասխան ուսումնաօժանդակ ստորաբաժանումները կատարել են նախապատրաստական ծավալուն աշխատանք: 

«Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովները ձևավորվել են համաձայն ամփոփիչ ատեստավորման քննությունների անցկացման կարգի. նախագահը, ինչպես նաև ընդգրկված անդամներից մի քանիսը, հրավիրվել են դրսից: Նրանք տնտեսագիտության բնագավառի ճանաչված և լավագույն մասնագետներից են».-ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց Միհրդատ Հարությունյանը և ավելացրեց, որ այս օրերի ընթացքում իրենց մագիստրոսական ատենախոսությունները կպաշտպանեն ՀՊՏՀ 10 մասնագիտացումների ավարտական կուրսերի մագիստրանտներ: Ըստ գործող կարգի` բողոքարկման գործընթացն ավելի անաչառ դարձնելու, արդարացի որոշումներ կայացնելու նպատակով կձայնագրվի նաև յուրաքանչյուր մագիստրանտի մագիստրոսական ատենախոսության պաշտպանության ամբողջ ընթացքը:

Հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի ավարտական կուրսերի բոլոր ուսանողներին մաղթում ենք հաջողություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին