Կառավարման ֆակուլտետի նախկին դեկան, այժմ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի շնորհավորական խոսքը «Տնտեսագետին»
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի նախկին դեկան, այժմ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը` «Տնտեսագետ» ամսագրի, հետագայում նաև` լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի բարեկամը, այսօր «Տնտեսագետի» 35-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը նախատեսել էր տեսակապով շնորհավորական ուղերձ հղել: Սակայն տեխնիկական խնդիրների պատճառով նա չկարողացավ հնչեցնել իր ամբողջական խոսքը, ինչն այժմ ամբողջությամբ ձեզ ենք ներկայացնում ստորև.
«Մեծարգո ռեկտոր, հարգելի գործընկերներ
Շատ ուրախ եմ մեր համալսարանի ինձ համար շատ սիրելի պաշտոնաթերթի հիմնադրման 35-րդ հոբելյանի կապակցությամբ, որի առիթով սրտանց շնորհավորում եմ մեզ բոլորիս, առաջին հերթին բոլոր այն մարդկանց ում ջանքերով 35 տարի շարունակ լուս է տեսնում «Տնտեսագետ»-ը: Միակ հանգամանքը, որի համար ցավ եմ ապրում, այն է, որ այսօր, աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով` չկարողացա ներկա գտնվել ինձ համար շատ կարևոր այդ միջոցառմանը, Ձեզ հետ միասին կիսել իմ ուրախությունը, որի պատճառով էլ չուզեցի անմասն մնալ այսօրվա միջոցառումից և ընտրեցի Ձեզ հետ շփվելու այս տարբերակը: Իմ ուսանողական տարիներից սկսած ես ոչ միայն «Տնտեսագետ»-ի մշտական և հավատարիմ ընթերցողն եմ, այլև ամսագրի արտահաստիքային աշխատակիցը: Ես ուրախ եմ այսօր տեսնել «Տնտեսագետ»-ը ժամանակակից ամսագրերի չափորոշիչներին համապատասխան որակով: Գունավոր «Տնտեսագետի» թողարկումը եղել է իմ երբեմնի երազանքներից մեկը, որն այսօր իրականություն է դարձել`շնորհիվ ՀՊՏՀ ղեկավարության ու լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի մեր գործընկերների ջանքերի: Այդ եռանդուն թիմի շնորհիվ է նաև, որ մեր համալսարանը պատշաճ կերպով ներկայանում է ոչ միայն հրապուրիչ և բովանդակալից ամսագրով, այլև ժամանակակից սոցիալական ցանցերում, էլեկտրոնային լրատվամիջոցներով և ողջ հանրությանն է ներկայացնում բովանդակալից, մշտապես թարմ և բազմատեսակ օգտակար տեղեկություններ պարունակող ինտերնետային կայք: Ես սրտանց շնորհավորում եմ նաև ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գործընկերներին բաժնի կազմավորման առաջին տարեդարձի կապակցությամբ: Մեկ տարին առհասարակ քիչ է գնահատականներ տալու համար, բայց այս դեպքը հաճելիորեն բացառություն է դրանով, որ վստահաբար կարելի է ասել, որ անցյալ տարի մեր համալսարանում իրականացված ինստիտուցիոնալ բարեփոխումները պահանջված էին, իսկ այս բաժնի գոյությունը մեր համալսարանում` անհրաժեշտություն: Հաջողություններ եմ մաղթում մեզ բոլորիս և սպասում նոր և հաճելի լուրեր մեր սիրելի համալսարանից»:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն իր հերթին շնորհակալություն է հայտնում իր սրտացավ բարեկամին, անկաշառ ընկերոջը, որը թեև այս պահին աշխատանքային այլ դաշտում է, սակայն կիսում է մեր գաղափարները և հպարտանում բուհի հաջողություններով: