Մեր բուհի պաշտոնական ամսագիրը` «Տնտեսագետը», 35 տարեկան է (լուսանկարներ)
Այսօր ՀՊՏՀ նիստերի սրահում ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ բուհի ղեկավարությունը, դեկանները, ամբիոնների վարիչները, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողության ներկայացուցիչները, բուհի պաշտոնական «Տնտեսագետ» ամսագրի բարեկամներն ու, իհարկե, ստեղծագործական կազմը շուքով ու հանդիսավորությամբ տոնեցին ամսագրի 35-ամյակը:
Բացման իր խոսքում ռեկտորը արժևորեց բուհական պարբերականի համար երկար ու բեղմնավոր ուղի անցած «Տնտեսագետի» գործունեությունը, շնորհավորեց համալսարանի կոլեկտիվին և խմբագրակազմին` ասելով.
«Վստահ եմ, որ բուհին կապված յուրաքանչյուր անձ՝ ուսանող, դասախոս, թե աշխատակից, կարող է հաստատել, թե ինչ կարևոր նշանակություն ունի բուհական մամուլը համալսարանականներիս կյանքում, ինչպիսի բարձր առաքելություն է նրան վերապահված։ Երեքուկես տասնամյակ ճանապարհ անցած մեր «Տնտեսագետը» ստեղծել է բուհական մամուլին առանձնահատուկ պատմություն, անցել է զարգացման տարբեր փուլեր՝ դառնալով Տնտեսագիտական համալսարանի պատմության վավերագիրը։ Այսօր ևս, պահպանելով նախկինում եղած դրական ավանդույթները, ամսագիրը ներկայանում է նորովի՝ նոր տպագրական որակով, ձևավորմամբ, բովանդակային նոր շեշտադրումներով»։ Կորյուն Աթոյանը համալսարանականներին կոչ արեց առավել ակտիվ ներգրավվել ամսագրի աշխատանքներում:
Ներկաներին էլեկտրոնային հավելվածով ներկայացվեց ամսագրի անցած ճանապարհի մասին պատմող լուսանկարային տեսաշար: Ուղեկցող տեքստն ընթերցեց կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Արմեն Արզրումցյանը:
«Տնտեսագետին» իրենց շնորհավորանքի ու բարեմաղթանքի ջերմ խոսքերը հղեցին ամսագրի երկարամյա թղթակիցները, բարեկամները` ՀՊՏՀ փիլիսոփայության ամբիոնի դոցենտ Յուրի Հովականյանն ու կառավարման ամբիոնի պրոֆեսոր Վալերի Միրզոյանը: Իր շնորհավորանքի խոսքը վերնագրելով «Խոսք` ի խորոց սրտի»` Յուրի Հովականյանը սրտաբուխ խոսք ասաց և հետադարձ հայացքով չափեց ամսագրի անցած ուղին. ծնունդ, մանկություն, երիտասարդություն... մինչև 35-ամյակ:
«Նրա ապրած կյանքը սերունդների կյանք է: «Տնտեսագետում» իրենց առաջին ակնարկները, հոդվածներն ու բանաստեղծությունները տպագրել են մեր այսօրվա ուսանողների ոչ միայն հայրերն ու մայրերը, այլև նրանց պապիկ-տատիկները: Նրանցից շատերն այսօր էլ սրտի թրթիռով, մեծագույն հուզմունքով են սպասում հերթական համարին, որտեղ տպագրվում են այսօր նրանց երեխաներն ու թոռնիկները....»,- նկատեց Յուրի Հովականյանը:
Իր գործընկերոջ խոսքը շարունակելով` Վալերի Միրզոյանը որոշեց ինքն էլ հանպատրաստից վերնագրել իր խոսքը և կոչեց այն «Սիրո խոստովանություն»:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, որտեղ այսօր կյանք է առնում բուհի ամսագիրը, և որտեղ ինքը մշտական ու ցանկալի հյուր է, Վալերի Միրզոյանը բնութագրեց որպես աշխատանքային հագեցած ու բուռն կյանքով ապրող մի օջախ, որով կարելի է հիանալ և որին կարելի է ընդօրինակել:
Երիտասարդ սերնդի հեղինակներից փիլիսոփայության ամբիոնի դոցենտ Սոֆյա Օհանյանը շեշտադրեց երիտասարդ սերնդի համար ավանդույթների շարունակականությունն ու արժեքների ժառանգորդումը և անցնելիք բեղմնավոր ճանապարհ մաղթեց ամսագրին:
Ուղիղ տեսակապով skype բոլոր ՀՊՏՀ-ականներին սիրելի ամսագրի 35-ամյակի առիթով շնորհավորեց Վայոց ձորի մարզպետ, ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի նախկին դեկան Էդգար Ղազարյանը:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, «Տնտեսագետ» ամսագրի գլխավոր խմբագիր Գոհար Գևորգյանը շնորհակալություն հայտնելով ամսագրի բոլոր տարիների նվիրյալներին` ռեկտորներին, խմբագիրներին, աշխատակիցներին, թղթակիցներին, մատնանշեց, որ մնալով հավատարիմ տարիների ձեռքբերումներին ու լավագույն ավանդույթներին` իր գործունեության նոր փուլում` լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի կազմում, ամսագիրը շարունակելու է ստեղծագործական իր ճանապարհը:
Նա տեղեկացրեց նաև, որ «Տնտեսագետի» հոբելյանը համընկնում է ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի մեկամյա հոբելյանի հետ, որն իր գործունեությունը բխեցնելով լրատվության և հանրային կապերի ժամանակակակից պահանջներից, մեկ տարվա ընթացքում ձեռք է բերել մեծ լսարան և մի շարք գործառույթներ, այդ թվում` ՀՊՏՀ պաշտոնական ամսագրի, պաշտոնական կայքի, Ֆեյսբուքում բուհի պաշտոնական էջի աշխատանքները իրականացնում է` ընդառաջ գնալով նոր մարտահրավերներին:
«Մեր գործունեության այս ընդգրկուն շրջանակում, որի նպատակն է ճշմարտացիորեն ու սկզբունքային կերպով արտացոլել մեր բուհի գործունեությունը, սպասարկել, իրազեկել լրատվության կարիք զգացող մի մեծ լսարանի, իրականացնել բուհ-ուսանող, բուհ-դասախոս, բուհ–հասարակություն կապը, գիտակցել նաև ստանձնած գործի դաստիարակչական, կրթող գործառույթը, մենք ամբողջ աշխատակազմով մեկ գերխնդիր ունենք` չհիասթափեցնել մեր լսարանին, մեր սիրելի ընթերցողներին ու միշտ առաջ նայել»,- իր խոսքը եզրափակեց Գոհար Գևորգյանը:
Այնուհետև բոլորը հյուրընկալվեցին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում և տոնական ճոխ սեղանի շուրջ շարունակեցին տոնել «Տնտեսագետի» հոբելյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին