Ռեկտոր Կորյուն Աթոյանը բուհի ուսանողի մասին հերթական շնորհակալական նամակն է ստացել զորամասից
ՀՊՏՀ ուսանողներն, անցնելով ծառայության Հայաստանի զինված ուժերում, իրենց սրբազան պարտքը հայրենիքի առաջ կատարում են պարտքի ու պատասխանատվության բարձր զգացումով, սիրով ու նվիրումով: Նրանցից մեկն է ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի մաքսային գործ մասնագիտության 1-ին կուրսի ուսանող, ներկայում` զինծառայող Գրիգոր Մաթևոսյանը: Մեր ուսանողի մասին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին ուղղված` ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Ն. Խոջոյանի շնորհակալական նամակում ասվում է.
«Հարգելի պարոն Աթոյան,
Գոհունակությամբ հայտնում եմ Ձեզ, որ Ձեր բուհի մաքսային գործ բաժնի 1–ին կուրսի ուսանող, ներկայումս` ՀՀ ՊՆ N զորամասին զինծառայող, սերժանտ Գրիգոր Հրաչիկի Մաթևոսյանը, ծառայելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, պատվով է կատարում իր սրբազան պարտքը, զինվորական երդման պահանջներն ու Ձեր պատգամը` ազնվորեն ու անմնացորդ նվիրվել Հայրենիքի պաշտպանության գործին:
Սերժանտ Գ. Մաթևոսյանը աչքի է ընկնում ազնվությամբ, բարեխղճությամբ, կարգապահությամբ և կամքի ուժով: Նա բարձր է պահում հայ ռազմիկի պատիվը` միշտ պատրաստ Հայրենիքի սահմանների պաշտպանությանը: Դուք իրավամբ կարող եք հպարտանալ Ձեր բուհի ուսանողով: Երախտապարտ ենք` հայրենասեր և քաջարի ռազմիկ դաստիարակելու համար»:
ՀՊՏՀ ղեկավարությունը հպարտության զգացումով կարդաց մեր զինվորի մասին այս բարձր գնահատականը` վստահ լինելով, որ բոլոր հայ երիտասարդները կծառայեն ազնվորեն, կդրսևորեն իրենց որպես իսկական մարտիկներ և բարձր կպահեն Հայոց բանակի և ՀՊՏՀ պատիվը:
Բարի ծառայություն և խաղաղ երկինք ենք մաղթում հայոց բանակի բոլոր զինվորներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին