ՀՊՏՀ-ում խրախուսվում են ուսման առաջամարտիկները. շնորհակալագրեր՝ ծնողներին

Դիտումների քանակ՝ 1121

Այսօր ՀՊՏՀ նիստերի սրահում տեղի ունեցավ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի գերազանց առաջադիմությամբ ուսանողների ծնողներին շնորհակալագրեր հանձնելու հանդիսավոր արարողություն:

«Բոլոր ժամանակներում կրթությունը լուսավոր ուղի է եղել, այսօր` ավելի քան: Ժամանակի այս հարահոս ընթացքում անչափ կարևորվում է նաև շարունակական կրթությունը` որպես գիտելիքի թարմացման ու կուտակման ճանապարհ: Համոզված եմ` այստեղ հավաքվածները քաջ գիտակցում են այս ամենը»,- ասաց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը և շնորհակալություն հայտնեց մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի գերազանցիկ ուսանողներին ու նրանց ծնողներին: Նա նշեց, որ այս գեղեցիկ նախաձեռնությունն առիթ է անդրադառնալու իրոք լավ սովորող ու նպատակասլաց ուսանողներին, որոնք ի տարբերություն վատ սովորողների` կենտրոնացած են իրենց ուսման վրա և իրենց վրա չեն հրավիրում լրացուցիչ ուշադրություն:

Ծնողներին ուղղված իր խոսքում ՀՊՏՀ ռեկտորի խորհրդական Գրիգոր Կիրակոսյանը նշեց. «Շնորհակալություն եմ հայտնում նման զավակներ դաստիարակելու համար: Դրանով դուք աջակցում եք մեզ` մեր գործում, մեր նպատակների իրականացման ճանապարհին և այսօր դուք վայելում ենք ձեր աշխատանքի պտուղները»: Մարքեթինգի ամբիոնի վարիչ Արարատ Զաքարյանը բարձր առաջադիմությամբ ուսանողներին մաղթեց շարունակել լինել ջանասեր և ուսումնատենչ` այսօրվանից կերտելով մասնագիտացման հաստատուն  հեռանկար:

Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան Թաթուլ Մկրտչյանը, գերազանցիկ ուսանողներին դրվատելով, նրանց ծնողներին երախտագիտության խոսք հղելով, մասնավորապես նշեց, որ  միջոցառման նախալուրը, որը զետեղվել էր ՀՊՏՀ պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում, մեծ արձագանքի է արժանացել համալսարանի բոլոր ֆակուլտետների ուսանողների կողմից, ինչպես նաև իրենց ֆակուլտետի այն ուսանողների շրջանում, ովքեր հավակնել են, սակայն այս կիսամյակ չեն խրախուսվել: Դեկանը հույս հայտնեց, որ ավանդույթի ուժ ստանալով` միջոցառումը լրացուցիչ խթան կհանդիսանա լավ սովորողների առաջընթացի ու նրանց թվաքանակի մեծացման համար:

Բուհի և ֆակուլտետի ղեկավարությանն ուղղված ջերմ խոսքեր ասացին գերազանցիկ ուսանողներն ու նրանց ծնողները: 

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին