Զբոսաշրջության ոլորտի ապագա մասնագետները` միջոցառման կազմակերպիչներ

Դիտումների քանակ՝ 1236

ՀՊՏՀ զբոսաշրջության կառավարում մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների նախաձեռնությամբ «Հանդիպումների, կոնֆերանսների և այլ միջոցառումների կազմակերպում» դասընթացի շրջանակում (դասախոս, հակաճգնաժամային և  զբոսաշրջության կառավարում ամբիոնի ասիստենտ Հասմիկ Համբարձումյան) այսօր ՀՊՏՀ նիստերի սրահում անցկացվեց արտալսարանային գործնական պարապմունք, որին մասնակցեցին ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի դեկան Միքայել Թավադյանը, հակաճգնաժամային և  զբոսաշրջության կառավարման ամբիոնի վարիչ Նելլի Շահնազարյանը, ամբիոնի դասախոսներ, հրավիրված էին նաև ՀՊՏՀ և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական,  Հայաստանի ազգային ագրարային համալսարաների, ֆիզկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանողներ:

Զբոսաշրջության կառավարում մասնագիտության 3-րդ կուրսեցի Անի Մխիթարյանը ներկայացրեց գործնական  սեմինար պարապմունքի թեման` «Ուսանողների կարողությունների զարգացում ՄԻԱՎ-ի կանխարգելման ոլորտում» և սեմինարավար-հյուրերին` «Նոր սերունդ» հասարակական մարդասիրական կազմակերպության նախագահ Սերգեյ Գաբրիելյանին, բազմազանության խթանման ծրագրերի պատասխանատու Արման Սահակյանին և համակարգող Լուսինե Ալոյանին: Բանախոսը` Սերգեյ Գաբրիելյանը, հարցերի միջոցով ստուգելով ուսանողների գիտելիքները քննարկվող թեմայի շուրջ, հանգամանորեն ներկայացրեց 21-րդ դարի այս հիվանդության պատմությունը,  այս ուղղությամբ կատարվող հետազոտությունները, խոսեց հիվանդության տարածման  և կանխարգելման ուղիների մասին: Սերգեյ Գաբրիելյանը պատասխանեց նաև ուսանողների բազմաթիվ հարցերին:

«Ուսանողներին հանձնարարվել է կազմակերպել որևէ միջոցառում, որի ընթացքում կատարվող աշխատանքները հնարավորություն են տալիս ուսանողներին ինքնուրույն հաղթահարելու բոլոր դժվարությունները, ձեռք բերելու գիտելիքներ և դրանք կիրառելու»,-  միջոցառման ավարտից հետո լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց Հասմիկ Համբարձումյանը` կարևորելով ուսանողների ջանքերով կազմակերպվող նմանատիպ միջոցառումները:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին