Մեր ուսանողները` Վարշավայում կայացած միջազգային նստաշրջանի մրցանակակիրներ
ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի զբոսաշրջության կառավարում մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներ Նարինե Գևորգյանը, Մանե Ենգոյանը, Հարություն Պողոսյանը, Արթուր Մարկոսյանը, ովքեր նոյեմբերի 13-20-ը Լեհաստանում էին գտնվում Վարշավայի տնտեսագիտության դպրոցի կազմակերպած միջազգային նստաշրջանին մասնակցելու նպատակով, վերադարձել են` արժանացած երկրորդ պատվավոր մրցանակին:
«Փորձի փոխանակում» խորագրով նստաշրջանին հրավիրված էին աշխարհի տարբեր երկրների ուսանողներ: Նստաշրջանի նպատակային ուղղվածությունն առնչվում էր գործարար խաղերի շնորհիվ կառավարչական հմտությունների զարգացմանը և տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման կատարելագործմանը: Այս մասին լրատվության և հասարակայնության կապերի բաժինը տեղեկացրել էր նախապես:
Այսօր մեր բաժնում հյուրընկալելով քառյակի անդամներից մեկին` Նարինե Գևորգյանին, տեղեկացանք, որ մեր ուսանողները նորամուծական ծրագրերի այդ գիտաժողովին հանդես են եկել «Ավանդական ամուսնություններ» թեմայով խմբային աշխատանքով` այն ներկայացնելով անգլերեն: Թեման ուղղակիորեն աղերսելով զբոսաշրջության զարգացման հեռանկարներին` նրանք գիտաժողովի մասնակիցների ուշադրությունը հրավիրել են ավանդակական հարսանիքներով ամուսնությունների, մասնավորապես հայկական հարսանիքի ծիսակարգի վրա և առաջարկել են սրա վրա խարսխված ծառայությունների նոր ոլորտ: «Մեր նպատակն է ոչ միայն զարկ տալ զբոսաշրջության զարգացմանը, այլև մոռացությունից փրկել ազգային ավանդույթները և նոր հնչեղություն տալ դրանց»,- ասաց Նարինե Գևորգյանը:
Նա իր և թիմակիցների անունից շնորհակալություն հայտնեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին` բուհի միջոցների հաշվին իրենց ուղևորության բոլոր ծախսերը հոգալու և գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանին` իրենց աջակցելու ու կողմնորոշելու համար:
Նարինե Գևորգյանի տեղեկացմամբ` խումբը Վարշավայից վերադարձել է ոչ միայն հաղթանակի տրամադրությամբ, այլև բազմազան տպավորություններով: Նրանք մասնակցել են սեմինար դասընթացների, մշակութային ու ճանաչողական միջոցառումների:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնութան հետ կապերի բաժին