«Ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ» գիտակների խաղ-մրցույթ մեր բուհում. գիտակներին հարց է ուղղել նաև ՀՊՏՀ ռեկտորը (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 843

ՀՊՏՀ  ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող «Ուսանողական աշուն 2012»  մարզամշակութային փառատոնի շրջանակներում անցկացվող միջոցառումները, որոնք ընդմիջվել էին միջանկյալ քննաշրջանով պայմանավորված,   այսօր վերսկսվեցին: Ֆինանսական ֆակուլտետում ժամը 14.00-ին մեկնարկեց  «Ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ»  բանիմացների խաղ-մրցույթը, որին մասնակցեցին ՀՊՏՀ  բոլոր ֆակուլտետների ներկայացուցիչներից ձևավորված թիմերը: Խաղը վարեց ծառայությունների ոլորտի պետական կարգավորում մասնագիտացման մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող, ՀՊՏՀ գիտակների  «INDEX PRO» թիմի ավագ Հարություն Արզումանյանը: Վերջինս տեղեկացմամբ` մեր կյանքի ամենատարբեր ոլորտներին առնչվող հարցերի կազմմանը և մշակմանը մասնակցել է տասը հոգուց բաղկացած խմբագրակազմ, իսկ հարցերն էլ առնչվում են մեր կյանքի տարբեր ոլորտներին` արվեստին ու գրականությանը, սպորտին ու  գիտությանը:

Ուրախությամբ նշենք, որ ավանդաբար ռուսերենով կազմակերպվող այս խաղը ՀՊՏՀ գիտակների ջանքերի շնորհիվ հայերենով էր:   

Խաղը անցկացվեց 4 փուլով, որի ընթացքում թիմերին տրվեց  40 հարց: Խաղի ընթացքում կազմակերպիչները անակնկալը մատուցեցին մասնակից թիմերին. էկրանից տեսագրությամբ հնչեց ռեկտոր Կորյուն Աթոյանի հարցը՝ ուղղված գիտակներին: Ողջունելով ուսանողական այսպիսի միջոցառումների անցկացումը և գիտակների խաղ մրցույթի  մասնակից թիմերին` ռեկտորը նրանց հղեց «հիպոթեք» եզրի ծագման առնչվող իր հարցը: Գիտակների թիմերին էկրանից ուսանողական կյանքին առնչվող հարց տվեց նաև ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը: Լարված և համառ պայքարում առաջին տեղը զբաղեցրեց և հաղթողի կոչումը նվաճեց կառավարման ֆակուլտետի գիտակների թիմը: 2-րդ տեղը գրավեց հաշվապահական հաշվառման և աուդիտի, երրորդը` ֆինանսական ֆակուլտետների գիտակների թիմերը:

 Հիշեցնենք, որ «Ուսանողական աշուն 2012» մարզամշակութային փառատոնը մեկնարկել է հոկտեմբերի 22-ին և կավարտվի նոյմբերի 30-ին: Արդեն ավարտվել են փառատոնի շրջանակներում անցկացվող մարզական միջոցառումները: Առաջիկայում ուսանողները մասնակից կլինեն տարբեր  մշակութային միջոցառումների:

   

   

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին