ՀՊՏՀ-ում այսօր իր աշխատանքները շարունակեց ՀՈՒԱԱ 6-րդ ընդհանուր ժողովը
ՀՊՏՀ մեծ դահլիճում այսօր իր աշխատանքները շարունակեց Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի (ՀՈՒԱԱ) 6-րդ ընդհանուր ժողովը, որի նիստի 2-րդ օրը ևս նախագահեց ասոցիացիայի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Սարգիս Ասատրյանցը: Քննարկվող հարցերում արտացոլվեցին ՀՈՒԱԱ կատարած աշխատանքները և ՀՀ բուհերի ուսանողական ինքնակառավարման մարմինների հիմնախնդիրները:
6-րդ ընդհանուր ժողովի նիստի 2-րդ օրվա ընթացքում ներկայացվեցին ՀՈՒԱԱ-ի` Եվրոպական ուսանողական միությանն անդամագրվելու գործընթացը, ՀՈՒԱԱ նոր կայքի ստեղծման և բարեփոխման աշխատանքները: Քննարկվեցին Գավառի և Գորիսի պետական համալսարանների ուսանողական խորհուրդների` ՀՈՒԱԱ անդամության հայցերը և հաստատվեց վերոնշյալ համալսարանների անդամակցումը կազմակերպությանը:
Այնուհետև ՀՈՒԱԱ լիիրավ անդամ ՀՀ պետական բուհերի ուսանողական ինքնակառավարման մարմինների և «Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպության պատվիրակները ներկայացրեցին հաշվետվություն` վերջին մեկ տարում կատարած աշխատանքների մասին:
Վերջում ամփոփվեցին ՀՈՒԱԱ 6-րդ ընդհանուր ժողովի երկու օրվա լիագումար նիստերի արդյունքները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին