Մեր բուհի ռեկտորը մասնակցել է Մանկավարժական համալսարանի 90–ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառմանը

Դիտումների քանակ՝ 849

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը երեկ մասնակցել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 90–ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառմանը, որը կայացել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Մանկավարժական համալսարանի տարեդարձի կապակցությամբ Կորյուն Աթոյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել իր գործընկերոջը՝ Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին:

Կորյուն Աթոյանի ուղերձում ասվում է.

Մեծարգո պարոն Միրզախանյան

Դարերի խորքից է բերում հայ ժողովուրդը կրթության ու լույսի իր ջահը: Ու անմար է նրա հուրը, քանի դեռ նրան է ապավինում ու նրանով է առաջնորդվում մեր ժողովուրդը:

Մեր հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների մեծ ընտանիքում կրթության ու լույսի ջահը պատվով կրողներից մեկն էլ Ձեր բուհն է` Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, որը տոնում է իր 90-ամյա հոբելյանը, սակայն շարունակում է լինել երիտասարդ, կենսասեր` իր հպարտ գոյությունը հաստատելով որպես մտքի ու հոգու կրթության աներեր դարբնոց:

Այսօր` 90-ամյակի առթիվ, խորին հպարտությամբ ենք նշում, որ Ձեր համալսարանը հանրապետության խոշորագույն բուհերից մեկն է, որը մասնագետներ է կրթում ու թողարկում բազմաթիվ ուղղություններով ու ոլորտներով, որը ստանձնել է սերունդների կրթությունն ապահովող մանկավարժների պատրաստումը:

1948 թվականից կրելով մեծ լուսավորչի անունը` Ձեր բուհը հավատարմորեն է իրականացնում իր որդեգրած առաքելությունը արդեն քանի~-քանի~  տասնամյակ:

Հարգարժան գործընկեր, մենք վստահ ենք որ Ձեր արգասաբեր գործունեությամբ, նոր ոգով ու ավյունով ղեկավարելով մանկավարժական կրթօջախը` այսուհետ ևս պիտի ծառայեք մեր ժողովրդին ու մեր երկրին, քանզի միտված լինելով հայ մարդու մեջ կրթության հանդեպ սեր սերմանելու գործին` բացառիկ է Ձեր ստանձնած դերը:

Թույլ տվեք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորել Ձեզ` Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 90-ամյա  հոբելյանի առթիվ, մաղթել գիտական, ուսումնական հաջողություններ և արգասաբեր գործունեություն:

Հարգանքով`

Կորյուն ԱԹՈՅԱՆ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր

19.11.2012 թ.