«Բաց դաս»-ի ընթացքում քննարկվեցին ՀՀ տարածքային զարգացման հիմնախնդիրները

Դիտումների քանակ՝ 831

ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Ծովինար Կարապետյանի նախաձեռնությամբ  այսօր  տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի թիվ 32 լսարանում տեղի ունեցավ «Բաց դաս», որի ընթացքում քննարկվեցին  ՀՀ տարածքային զարգացման հիմնախնդիրները: Մասնակցեցին մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Իշխան Տիգրանյանը, դոցենտներ Գայանե Ավագյանը, Ռազմիկ Մանուկյանը, Քնարիկ Վարդանյանը: Թեման ներկայացրեցին մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում մասնագիտությամբ առկա ուսուցման  բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողները:
«Այսպիսի «Բաց դաս»-երը հնարավորություն են ընձեռում ավելի խորությամբ ուսումնասիրելու թեման, կատարելու հետազոտական աշխատանք և այն պատշաճ մակարդակով ներկայացնելու»,-ողջունելով մասնակիցներին` ասաց Իշխան Տիգրանյանը և ներկայացրեց միջոցառման հյուրերին` մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում մասնագիտության 1-ին կուրսի ուսանողներին: Ամբիոնի վարիչը նշեց, որ մասնակցությունն այսպիսի միջոցառումներին հեռակա ուսուցման ուսանողներին հնարավորություն կտա ներգրավվելու ուսանողական միջոցառումներում, ճանաչելու իրենց ավագ ընկերներին և նրանցից շատ բան սովորելու:
Առկա ուսուցման  բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողները ջերմությամբ դիմավորեցին իրենց կրտսեր ընկերներին և ներկայացրեցին իրենց անակնկալը. առաջին կուրսեցիներին հղեցին ՀՀ տարածքային խնդիրներին առնչվող  հարցեր: Հնչող պատասխանների արդյունքում լավագույնը ճանաչվեցին Սաթենիկ Խաչատրյանը և Արտավազդ Երզնկյանը:
Այնուհետև 4-րդ կուրսեցիները ներկայացրեցին ՀՀ տարածքային զարգացումը`  մասնավորապես հանգամանորեն անդրադառնալով  համանքային բյուջեների ձևավորմանը և օգտագործման ուղղություններին, ՀՀ տարածքային քաղաքականության հիմնախնդիրներին, տարածքի համաչափ զարգացմանն ուղղված միջոցառումներին, Երևանի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին