ՀՊՏՀ-ում այսօր իր աշխատանքները սկսեց ՀՈՒԱԱ 6-րդ ընդհանուր ժողովը
ՀՊՏՀ մեծ դահլիճում այսօր իր աշխատանքներն սկսեց Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի (ՀՈՒԱԱ) 6-րդ ընդհանուր ժողովը, որին մասնակցեցին Երևանի 12 բուհերի ուսանողական ինքնակառավարման մարմինների և «Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպության պատվիրակները:
ՀՈՒԱԱ միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ, 6-րդ ընդհանուր ժողովի նախագահող Սարգիս Ասատրյանցը, շնորհակալություն հայտնելով ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին հյուրընկալության և ուսանողական նախաձեռնություններին ցուցաբերած օգնության և աջակցութան համար, ողջույնի համար ձայնը տրամադրեց հյուընկալող բուհի ռեկտորին:
Ողջունելով 6-դ ընդհանուր ժողովի պատվիրակներին`ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը նշեց, որ ՀՊՏՀ ուսանողական ինքնակառավարման մարմնի աշխատանքները հիմնված են ժողովրդավարական բարձր արժեքների վրա.
բուհի ուսանողական խորհուրդը անկախ ներկայացուցչական մարմին է, որը բաց է բոլոր ուսանողների առաջ: Ռեկտորը վստահեցրեց, որ շարունակելու են խրախուսել ակտիվ, գիտակից և հասուն ուսանողներին, ապա հավելեց, որ ինքն էլ միշտ հանդես է գալիս ուսանողի շահերը պաշտպանողի դիրքերից։ «Մենք այն բուհերից ենք, որն ուշի ուշով հետևում և աջակցում է այս կառույցի աշխատանքներին, որի լիիրավ անդամ է ձեզանից յուրաքանչյուրի ուսանողական խորհուրդը: Մենք ուզում ենք տեսնել այնպիսի ուսանողների, որոնք չեն լինի զուտ դիտորդ կրթական գործընթացներում, այլ կլինեն դրանց կրողը և կարևորագույն շահառուն»,-բարի երթ մաղթելով ՀՈՒԱԱ 6-րդ ընդհանուր ժողովի աշխատանքներին` ասաց Կորյուն Աթոյանը (ռեկտոր Կորյուն Աթոյանի ամբողջական ելույթին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Ռեկտորի ելույթները» խորագրի ներքո):
Ուսանողության պատվիրականերին իր խոսքն ասաց Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նա հույս հայտնեց, որ ժողովում կքննարկվեն և վեր կհանվեն ուսանողության լուրջ ու կենսական շահերին առնչվող խնդիրներ և կառաջարկվեն լուծումներ: ԵՊՀ ռեկտորի դիտարկմամբ` խնդիրներից առաջինը հանրապետության ուսանողության համախմբումն է, իսկ երկրորդը` Եվրոպական ուսանողական ասոցիացիային անդամակցությունը, որն այս պահին, Արամ Սիմոնյանի խոսքով, ցավոք իրականություն չէ: Արամ Սիմոնյանը ուսանողներին մաղթեց ՀՈՒԱԱ-ի շուրջ համախմբում` բառի իսկական իմաստով:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը, ողջույնի իր խոսքում կարևորելով ուսանողների դերն ապագայի կառուցման գործում, ցանկացավ, որ ուսանողները սիրով վերաբերվեն իրենց ընտրած մասնագիտության, լինեն ակտիվ, գործունյա և կառուցեն բոլորիս երազած քաղաքացիական հասարակությունը:
Ուսանողների պատվիրակներին ողջունեց և բեղմնավոր աշխատանք մաղթեց Որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը: Վերջինս նշեց, որ այսօր բարձրագույն ուսումնական հաստատություններում կարևորվող որակի ապահովման գործընթացներում մեծ է ուսանողների դերը և լավ արդյունքի կարելի է հասնել միայն համախմբված աշխատանքի շնորհիվ:
ՀՈՒԱԱ նախագահ Արմեն Ալեքսանյանը, ողջունելով 6-րդ ընդհանուր ժողովի մասնակիցներին, տեղեկացրեց, որ վերջին տարիների ընթացքում իրենց կազմակերպությունը միջազգային ծրագրեր է իրականացնում` պատրաստվելով անդամագրվել ուսանողների եվրոպական միությանը:
ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ, ՀՈՒԱԱ փոխնախագահ Սևակ Խաչատրյանը հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին՝ ուսանողության նախաձեռնություններին, ՀՈՒԱԱ–ին աջակցելու համա։ Բարի երթ մաղթելով ժողովի աշխատանքներին` նա հույս հայտնեց, որ Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիային կհաջողվի արտահայտել Հայաստանի բոլոր ուսանողների և ոչ թե առանձին խմբերի ձայնը։
Այնուհետև ՀՈՒԱԱ 6-րդ ընդհանուր ժողովը անցավ օրակարգային հարցերի քննարկմանը:
ժողովն իր աշխատանքները կշարունակի նաև վաղը` նոյեմբերի 21-ին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին