Հեռակա բակալավրիատի սաների համար այսօր սկսվեց ուսումնառության գործընթացը
Այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մեկնարկեց հեռակա ուսուցմամբ բակալավրիատի առաջին կուրսեցիների ուսումնառության գործընթացը: Բազմաթիվ երիտասարդներ ու աղջիկներ առաջին անգամ ոտք դրեցին մեր բուհ` նոր սպասելիքներով ու ակնկալիքներով: Ֆակուլտետները հերթական անգամ սիրով ու ջերմությամբ ընդունեցին իրենց նորընծա սաներին:
Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետներում դասերը մեկնարկեցին ժամը 9.30-ին: Ֆակուլտետների հեռակա ուսուցմամբ բակալավրիատի առաջին կուրսի ուսանողներին դիմավորեցին և ողջունեցին ֆակուլտետների դեկանները` Ատոմ Մարգարյանը և Թաթուլ Մկրտչյանը: Վերջիններս, շնորհավորելով նորեկներին, հույս հայտնեցին, որ ուսումնառության տարիները ուսանողների կյանքում կիմաստավորվեն գիտելիքների ձեռքբերմամբ և կլինեն բեղմնավոր: Նշելով, որ ուսանողների ընտրած ուսուցման այս ձևն ունի իր առաձնահատկությունները` դեկանները հորդորեցին, որ դասապրոցեսին հատկացված կարճ ժամանակահատվածի ընթացքում կուտակեն առավելագույն գիտելիքներ և արտալսարանային լուրջ աշխատանք կատարեն:
Կառավարման, հաշվապահական հաշվառման և աուդիտի, ֆինանսական ֆակուլտետներում դասերը սկսվեցին երկրորդ հերթում` ժամը 14.05-ին: Ֆակուլտետների դեկանները` Աշոտ Մաթևոսյանը, Միքայել Թավադյանը և Սերգեյ Սուքիասյանը, շնորհավորելով առաջին կուրսեցիներին, մաղթեցին, որ նրանք այսօրվանից հետևեն իրենց առաջադրվող պահանջներին, ներգրավվեն ուսումնական գործընթացում և դառնան ՀՊՏՀ մեծ ընտանիքի լիիրավ անդամը: Դեկանները համոզմունք հայտնեցին, որ նորեկների համար ևս մեր բուհը կդառնա հարազատ։ Նրանք նշեցին, որ այսօր բուհում ստեղծված են լավ կրթություն ստանալու բոլոր պայմանները, իսկ թե ինչ բովանդակություն կհաղորդվի ուսումնառության գործընթացին, կախված է նաև ուսանողներից։
ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետների դեկանները առաջին կուրսեցիներին տեղեկացրեցին նաև ֆակուլտետների կառուցվածքի, ուսումնական գործընթացի, ուսանողի իրավունքների ու պարտականությունների մասին:
Արդյունավետ ուսումնառություն ենք մաղթում հեռակա ուսուցմամբ բակալավրիատ ընդունված առաջին կուրսեցիներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին