ՀՊՏՀ ուսանողուհին դարձել է «Ռոսգոսստրախ Արմենիա» -ի մրցանակակիր

Դիտումների քանակ՝ 1663

«Ռոսգոսստրախ–Արմենիա» ապահովագրական ընկերության հասարակության  հետ կապերի բաժնի մամուլի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Սիս» դահլիճում տեղի է ունեցել ապահովագրական գործ ուսումնասիրող ուսանողների համար  «Ռոսգոսստրախ–Արմենիա»-ի հայտարարած ռեֆերատների մրցույթի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, բուհերի և վերոնշյալ ապահովագրական ընկերության ղեկավարությունը:

 ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի դեկան Սերգեյ Սուքիասյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց, որ  ՀՊՏՀ-ից միջոցառմանը ներկա են եղել գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը և ինքը:

Սերգեյ Սուքիասյանը հպարտությամբ նշեց, որ «Պարտադիր բժշկական ապահովագրություն. համաշխարհային փորձը և ներդրման հնարավորությունները Հայաստանում» թեմայով ռեֆերատով հաղթել է ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի ապահովագրական գործ մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Աննա Ղալայանը, ով եղել է նաև «Ռոսգոսստրախ–Արմենիա» -ի անվանական կրթաթոշակառու:

Ընկերության հայտարարած մրցույթում հաղթողներ են ճանաչվել նաև ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրանտ Լաուրա Այդինյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնես և շուկայաբանություն ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Գայանե Ասատրյանը  և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրանտ Ռաֆայել Տեր-Սարգսյանը: Հաղթողներին շնորհվել է «Ռոսգոսստրախ-Արմենիա»   ընկերության պատվոգրեր, ինչպես նաև 100 000-ական դրամ:

Մրցանակակիրներին ողջունել է ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը և նշել, որ շարունակվելու է ուսանողների հետ աշխատանքը, քանի որ մեծ է հետաքրքրությունը բարձր որակավորում ունեցող, հեռանկարային կադրերի հանդեպ:

Մրցանակաբաշխությունից հետո հայտարարվել են մրցույթի երկրորդ փուլի պայմանները, որին մասնակցելու իրավունք են ստացել միայն առաջին փուլում հաղթած ուսանողները: Այս փուլի գլխավոր մրցանակը եռօրյա վերապատրաստումն է Մոսկվայում` «Ռոսգոսստրախ» ընկերությունում և մասնակցությունը Մոսկվայի լավագույն բուհերից մեկում անցկացվող ապահովագրության դասընթացի: Երեք լավագույն աշխատանքների հեղինակները կստանան նաև դրամական մրցանակ. 1-ին տեղ` 300.000 դրամ, 2-րդ տեղ` 200.000 դրամ, 3-րդ տեղ` 100.000 դրամ: Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://rosgosstrax.am/arm/253/page.html։

«Ողջունելի է, որ «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ն խրախուսում է  հետազոտական կարողություններ, վերլուծական միտք ունեցող ուսանողներին: Այսպիսի միջոցառումներն ուսանողների մեջ արթնացնում են մրցակցության ոգի, հնարավորություն տալիս ինքնադրսևորվելու, նաև ցույց են տալիս, թե որքանով են ուսանողները կարողանում կիրառել տեսական գիտելիքները»,-մեզ հետ զրույցում ասաց պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը և  ավելացրեց, որ այս գործընթացում պարզվում է նաև, թե ուսանողներն արդյո՞ք բավարարում են գործատուի պահանջները, որը ցանկացած բուհի գերնպատակն է: Պրոռեկտորը ցանկություն հայտնեց, որ նման նախագծեր իրականացնեն նաև մրցակցային միջավայրում գործող տարբեր ընկերություններ: «Ի վերջո,  բոլորը պետք է հասկանան, որ ստեղծարար, նորարական գաղափարներով հարուստ երիտասարդ աշխատակիցների շնորհիվ է, որ ընկերությունը հաջողության է հասնում: Այսպիսի միջոցառումները նման աշխատակիցներ գտնելու ճանապարհներից մեկն է»,- ասաց Գագիկ Վարդանյանը:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին մրցույթից ստացած իր տպավորությունները պատմեց նաև ՀՊՏՀ-ական մրցանակակիրը` Աննա Ղալայանը: Նրա խոսքով` մրցույթը, բացի ինքնադրսևորվելու,  վերլուծական կարողություններն արտահայտելու հնարավորությունից, թույլ է տվել իրեն շփվելու ապահովագրական այս ընկերության առաջատար մասնագետների հետ և ծանոթանալու նրանց փորձին: Աննա Ղալայանը հայտնեց, որ պատրաստվում է լուրջ հայտ ներկայացնել նաև մրցույթի երկրորդ փուլում:

 Հաջողություններ և նորանոր մրցանակներ ենք մաղթում մեր ուսանողուհուն:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնութան հետ կապերի բաժին

 Հ. Գ. Առաջին երեք լուսանկարները՝ «Ռոսգոսստրախ–Արմենիա» ընկերությունից