ՀՊՏՀ անգլերենի 14 մասնագետներ կվերապատրաստվեն Բրիտանական խորհրդի կողմից
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը` ի դեմս ռեկտոր Կորյուն Աթոյանի և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը` ի դեմս տնօրեն Արևիկ Սարիբեկյանի կնքել են պայմանագիր, որով նախատեսվում է ՀՊՏՀ-ից անգլերենի մասնագետ 14 մասնակցի տրամադրել «BEC» միջազգային քննության նախապատրաստման ծառայություններ` շաբաթական երկու անգամ, երկուական ժամով:
Արդեն վավերացված և սկիզբ առած համագործակցության մանրամասները ճշտելու համար լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը դիմեց ՀՊՏՀ օտար լեզուների ամբիոնի վարիչ Սուսաննա Չալաբյանին:
«Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի կողմից անցկացվող դասընթացին, որն սկիզբ է առել հոկտեմբերի 25-ին և կտևի մինչև դեկտեմբերի 22-ը, մասնակցում են մեր ամբիոնի անգլերենի 14 դասախոսներ: Դասընթացին կհաջորդեն թեստավորման ու գնահատման փուլերը, թեստավորումը կանցկացվի Հայաստանում, այնուհետև թեստերը կուղարկվեն Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարան, որտեղ կիրականացվի ստուգումն ու գնահատումը: Ովքեր կհաղթահարեն առաջադրվող պահանջները, կարժանանան «BEC Business English Certificate»-ի, որը ցկյանս արտոնագրում է` անգլերեն դասավանդել տնտեսագիտական բուհում»,- ասաց Սուսաննա Չալաբյանը և տեղեկացրեց, որ թեստերը մասնակցի գիտելիքները ստուգում են լեզվական 4 ուղղություններով` ընթերցանություն, ունկնդրում, բանավոր խոսք, գրավոր խոսք: Սրանք չափանիշներ են, որոնք գոյություն ունեն միջազգային բոլոր թեստերում:
«Հարկ եմ համարում շեշտադրել,- նշեց Սուսաննա Չալաբյանը,- որ ծրագիրը մեր մասնագետների համար կյանքի կոչվեց շնորհիվ ռեկտոր Կորյուն Աթոյանի և գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանի: Շնորհակալություն նրանց, որ ողջունեցին մեր նախաձեռնությունը և ամեն կերպ նպաստեցին ու աջակցեցին, որ ամբիոնի դասախոսների` միջազգային չափորոշիչներով վերապատրաստվելու բացառիկ հնարավորությունը դառնա իրականություն»:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին