ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի պատասխանները ուսանողության հետ հանդիպման ավարտին գրավոր ներկայացված հարցերին
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 11–ին ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի մեծ դահլիճում կայացել էր ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի՝ արդեն ավանդական դարձած հանդիպումն ուսանողների հետ, որի ժամանակ ուսանողները բարձրաձայնել էին իրենց հուզող տարատեսակ խնդիրներ։ Հանդիպմանը հնչած հարցադրումներն անուշադրության չեն մատնվել։ Ուսանողների հետ հանդիպումից անմիջապես հետո ռեկտոր Կորյուն Աթոյանին գրավոր ներկայացվել են ուսանողների բարձրաձայնած հարցադրումները, որոնք քննարկվել են, վերանայվել են և արժանացել պատշաճ գրավոր պատասխանների։ Ստորև ներկայացնում ենք ուսանողների հարցերն ու դրանց՝ ռեկտոր Կորյուն Աթոյանի տված պատասխանները։
– Օտար լեզուների դասավանդմանը քիչ ժամեր են հատկացվում, հնարավո՞ր է օտար լեզուների դասավանդմանն ավելի շատ ժամեր հատկացնել:
– ՀՊՏՀ-ի բակալավրիատի ուսանողներն առաջին և երկրորդ կուրսերում օտար լեզուներ սովորում են շաբաթական երկու ժամ ժամաքանակով (68 ժամ x 2 ժամ = 136 ժամ) և մագիստրատուրայում` մեկ տարի (34 ժամ x 2 ժամ = 68 ժամ), ընդամենը՝ 204 ժամ:
Կարծում ենք, որ 204 ժամը բավարար է դպրոցում ձեռք բերված օտար լեզվի իմացությունն ամրապնդելու և գործնականում կիրառելու համար:
Բացի այդ, բակալավրիատի և մագիստրատուրայի ուսումնական պլանները բավական ծանրաբեռնված են ոչ մասնագիտական այլ առարկաներով, հետևապես հնարավոր չէ օտար լեզուների դասավանդմանը նոր ժամեր հատկացնել:
– Դասախոսները դասավանդման ընթացքում տարբեր մեթոդներ են կիրառում` հաճախ ոչ արդիական, հնացած ու ոչ արդյունավետ:
– Ցանկալի է, որ այդ հարցադրումը որոշակի և հասցեական լիներ, որն ավելի շատ կօգներ բարձրացված խնդրի լուծմանը:
Այդուհանդերձ, ընդունելի է, որ կան դասախոսներ, որոնք դասավանդում են հնացած նյութերով ու մեթոդներով, դասախոսության ընթացքում աչքը չեն կտրում իրենց շարադրանքից և զբաղվում են թելադրությամբ:
Ռեկտորատը և գիտական խորհուրդը այդ կապակցությամբ հանձնարարականներ կտան բոլոր ամբիոնների վարիչներին` խնդիրը քննարկել ամբիոնների նիստերում և դասախոսներին տալ հանձնարարություն` դասախոսության ընթացքում մատուցվող նյութը համապատասխանեցնել տնտեսագիտության ժամանակակից պահանջներին, դասախոսությունը չվերածել թելադրության, այն հարստացնել վիճակագրական համապատասխան նյութերով և բարձրացնել դասախոսությունների արդյունավետությունը:
Բացի այդ, կհանձնարարվի դասախոսությունների ընթացքը պարբերաբար ստուգումների ենթարկել:
– ՀՊՏՀ-ն ինչպե՞ս է վերաբերվում Բոլոնիայի կրթական համակարգին:
– Կարճ պատասխանն է` դրական:
Հայտնի է, որ ՀՀ Կառավարությունը` ի դեմս ՀՀ կրթության և գիտության նախարարության, համաձայնագիր է ստորագրել Բոլոնիայի կրթական համակարգին անցնելու համար: Այդ համակարգն արդեն վեց տարի է, որ ներդրվել է մեր համալսարանում, կան հաջողություններ, ինչո՞ւ չէ, կան նաև թերություններ, որոնց շտկմանը պարբերաբար անդրադառնում են ՀՊՏՀ-ի ռեկտորատն ու գիտական խորհուրդը:
Այդ կրթական համակարգը կիրառվում է Եվրոպայի երկրների մեծ մասում, և դրան հետևում է նաև մեր համալսարանը:
Ինչ խոսք, մեր համալսարանում Բոլոնիայի կրթական համակարգի ներդրման հաջողությունները պայմանավորված են նաև ուսանողների ակտիվությամբ ու ջանասիրությամբ:
– Հնարավո՞ր չէ վերանայել կրթական ծրագրերը:
– Այո, ոչ միայն հնարավոր պետք է համարել կրթական և առարկայական ծրագրերի վերանայումը, այլ դրանք պարբերաբար պետք է նորացվեն, հարստացվեն և համապատասխանեցվեն գիտության, նոր տեխնոլոգիաների կիրառման և ինտելեկտուալ ներուժի ժամանակակից պահանջներին, հակառակ դեպքում հետ կմնանք համաշխարհային ներկա զարգացումներից:
Խնդրի կապակցությամբ ՀՊՏՀ գիտական խորհուրդն ու ռեկտորատը պարբերաբար հանձնարարականներ են տալիս ամբիոններին ու դասախոսներին և վերահսկում կատարման ընթացքը:
– Բացակայությունների վերջերս սահմանված նոր կարգը հնարավոր չէ՞ փոխել կամ կիրառել եկող կիսամյակից:
– Գիտական խորհրդի կողմից նախկինում ընդունված որոշման համաձայն` ուսանողը 200 ժամ անհարգելի բացակայության դեպքում էր ազատվում համալսարանից:
Մեղմ ասած, դա ներում էր, որպեսզի ուսանողը դասի չհաճախեր մոտ մեկ կիսամյակ, որը միանշանակ բացասական պետք է համարել: Գիտական խորհուրդը վերջերս քննարկեց այդ խնդիրը և ընդունեց որոշում, որ 100 ժամ անհարգելի բացակայության համար ուսանողին պետք է ազատել համալսարանից: Սահմանվեց, որ որոշումը պետք է կիրառել ս/թ հոկտեմբերի 8-ից: Այդ որոշումը ճիշտ է և պետք է կիրառվի նշված ժամկետից: Ավելին, կարծում ենք, որ 100 ժամ անհարգելի բացակայության համար ուսանողին համալսարանից ազատելը մեղմ որոշում է:
Հարկ է նշել, որ բացակայությունների նոր կարգը սահմանող որոշումը տեղադրված է նաև բուհի պաշտոնական կայքում (asue.am)։
– Համալսարանի բակի վերանորոգման աշխատանքները ե՞րբ կավարտվեն:
– Համալսարանի բակը վերանորոգվում է «Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի» միջոցներով։ Այդ աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում և ամենաուշը մինչև նոյեմբերի 15–ը ավարտված կլինեն։
– Հնարավո՞ր է երեք ժամ դասախոսության փոխարեն սեմինար պարապմունքներ ավելացնել:
– Նախ անհասկանալի է, թե ո՞ր երեք ժամի մասին է հարցադրումը: Երկրորդ՝ առարկայական ծրագրերի ընդհանուր ժամաքանակը դասախոսության և սեմինար պարապմունքների համար բաժանվում է 50-50% հարաբերակցությամբ: Այդ բաժանումը բավարար է, որպեսզի դասախոսը ուսանողներին մատուցի նյութը, իսկ ուսանողը սեմինարի ընթացքում լիարժեք յուրացնի այն:
– Հետաքրքիր է՝ կուրսղեկներ ունենալո՞ ւ ենք, թե՞ ոչ: Եթե այո, ապա ի՞նչ գործառույթներ ունի կուրսղեկը:
– Հարցադրումից հետևում է, որ ամբիոնները չեն զբաղվում այդ խնդրով: Յուրաքանչյուր կուրս պետք է ունենա կուրսղեկ:
Ռեկտորատն առաջիկա նիստին կքննարկի խնդիրը, հանձնարարական կտա դեկաններին ու ամբիոնների վարիչներին, որպեսզի բոլոր խմբերում նշանակվեն կուրսղեկներ (եթե չեն նշանակվել), և նրանք Ձեզ կներկայացնեն իրենց գործառույթները (հետաքրքրվել ուսանողների հաճախումներով, կազմակերպել ցերեկույթներ, էքսկուրսիաներ, պարզել ուսանողների խմբի ներքին փոխհարաբերությունները, օգնել դրանց բարելավմանը և այլն):
–Ինչպե՞ս անել, որ ուսանողն ընտրի դասախոսներին:
– Այո, արտասահմանյան շատ բուհերում այդ պրակտիկան կիրառվում է, իսկ ՀՀ բուհերում` ոչ:
Մեր կրթական համակարգում կան մի շարք բացեր, այդ թվում նաև` Ձեր բարձրացրած խնդիրն է:
Կարելի է համահամալսարանական մի շարք առարկաների գծով դա կիրառել (իհարկե, կան որոշակի դժվարություններ` ըստ մասնագիտությունների դասերի կարգավորումը, որպեսզի բոլոր մասնագիտությունների գծով տվյալ առարկայի դասավանդումը նույն ժամին լինի, դժվարանում է ուսանողների հաճախումների վերահսկումը և այլն):
Բացի այդ, կան հատուկ կուրսեր, որոնք մշակվում և դասավանդվում են մեկ դասախոսի կողմից, կան առարկաներ, որոնք դասավանդում են երկու-երեք դասախոսներ:
Կա նաև հետևյալ խնդիրը, մեր լսարանները հիմնականում հագեցված չեն տեխնիկական միջոցներով: Այդուհանդերձ, բարձրացված հարցն ուշադրության արժանի է և ժամանակի ընթացքում պետք է լուծվի:
– Մագիստրատուրայի կրթության որակը ցածր է, կան առարկաներ, որոնք բակալավրիատում և մագիստրատուրայում կրկնվում են և բացակայությունները շատ են: Ի՞նչ է արվում այդ կապակցությամբ:
– Այդ թերությունները մեզ հայտնի են, համալսարանի գիտական խորհուրդը և ռեկտորատը պարբերաբար անդրադարձել են դրանց, կայացվել են որոշումներ և տրվել համապատասխան հանձնարարականներ ամբիոններին ու դասախոսներին:
Կարծում ենք, որ բարձրացված խնդիրներն աստիճանաբար անպայման կլուծվեն:
– Գրադարանում ուսանողների սպասարկման որակը ցածր է, լռություն չկա, հայալեզու մասնագիտական գրականությունը քիչ է։
– Ռեկտորատը, հաշվի առնելով գրադարանի աշխատանքների Ձեր նշած թերությունները, այն քննարկման առարկա կդարձնի ռեկտորատի կամ գիտական խորհրդի նիստում, և հանձնարարականներ կտրվեն գրադարանի աշխատանքները բարելավելու կապակցությամբ:
– ՀՀ ԳԱԱ-ի համապատասխան ինստիտուտների հետ հնարավո՞ր է համատեղ հետազոտական ծրագրեր իրականացնել, թե՞ ոչ:
– Եթե խնդիրը վերաբերվում է դասախոսական կազմին, ապա այդպիսի համագործակցություն ԳԱԱ-ի Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի հետ իրականացվում է:
Ինչ վերաբերվում է ուսանողների մասնակցությանը համատեղ ծրագրերի իրականացմանը, ապա դա սահմանափակ է: Ուսանողները նման ծրագրերի կարող են մասնակից դառնալ արտադրական պրակտիկայի ընթացքում ավարտական աշխատանքների համար նյութեր ստանալով:
– Հնարավո՞ր է վերանայել դասամիջոցների տևողությունը (բնական է ավելացնելու նպատակով):
– Անմիջապես պատասխանեմ` ոչ և ինչու:
Նախ այն պատճառով, որ Երևանի քաղաքապետարանի որոշմամբ բուհերի դասերն սկսվում են ժամը 9:30-ին, մեր դասերը կազմակերպվում են երկու հերթով, երկրորդ հերթի դասերն ավարտվում են ժամը 18:30-ին, մինչդեռ այսօր 17:00-ին արդեն մութ է, և պատկերացրեք ձմռանն ինչպիսին կլինի մեր վիճակը` ժամային առումով:
Կարծում ենք, բուհերի ուսանողական խորհուրդները կարող են նախաձեռնել և հարց բարձրացնել Երևանի քաղաքապետարանի առջև` բուհերի դասերը ժամը 8:30-ին սկսելու վերաբերյալ: Առավոտյան ժամը 8:00-ից մինչև 8:45-ը քաղաքում երթևեկությունը շատ թեթև է և 8:30-ին բուհերի դասերը սկսելը շատ քիչ կազդի տրանսպորտի խտության վրա:
– Գիտահետազոտական աշխատանքների ավարտական թեզերի ղեկավարները ընտրվում են պատահականության սկզբունքով, որոնք երբեմն մասնագետներ չեն և չեն տիրապետում ընտրված թեմային:
– Իհարկե, հարցադրումը մի քիչ կոռեկտ չէ և չափազանցված է:
Այդուհանդերձ, բարձրացված հարցը կքննարկվի ամբիոնների վարիչների հետ և կտրվի նրանց համապատասխան հանձնարարական:
Արտադրական պրակտիկայի հարցաշարերը (ծրագրերը) չեն համընկնում պրակտիկայի վայրի հետ:
Նախ ի՞նչ է նշանակում հարցաշարերը չեն համապատասխանում պրակտիկայի վայրի հետ: Մյուս կողմից, ուսանողները պրակտիկայի են ուղարկվում արտադրական, ծառայությունների կազմակերպություններ, նախարարություններ, առևտրային կազմակերպություններ, բանկեր և տնտեսական այլ կազմավորումներ, և արտադրական պրակտիկայի ծրագրի հարցաշարերը կազմվում են՝ նկատի ունենալով պրակտիկայի վայրի գործունեությունն ու առանձնահատկությունները:
Գուցե, Ձեր հարցադրումը վերաբերում է այն ուսանողներին, ովքեր իրենց նախաձեռնությամբ են ընտրում պրակտիկայի վայրը։Դա նկատի կառնվի անպայման:
– Լաբորատորիաների տեխնիկական սպասարկման վիճակը վատ է և ինչու՞:
– Լաբորատորիաների տեխնիկական հագեցվածության վիճակը հայտնի է համալսարանի ղեկավարությանը, և շուտով խնդիրը լուծում կստանա:
– Քննությունների կազմակերպման ո՞ր ձևն է օպտիմալ` բանավոր, գրավոր, թեստային:
–Քննությունների կազմակերպման ձևերի ընտրությունը թողնված է մասնագիտական ամբիոններին:
Սակայն կարծում ենք, իրոք, սովորելու նպատակով մեր համալսարան ընդունված և սովորող ուսանողին երբեք չպետք է հետաքրքրի քննության կազմակերպման ձևը:
Իսկ եթե հարցադրումը կատարվում է այլ նկատառումով, ապա մեր համալսարանի ղեկավարությունը տիրապետում է քննությունների կազմակերպումը վերահսկելու բոլոր ձևերին և այդ ուղղությամբ մեծ աշխատանք է կատարում:
– Հնարավո՞ր է ստեղծել դասախոսների հագուկապը, վարքը և դասավանդման մեթոդները գնահատող էթիկայի հանձնաժողով:
–Իսկ ինչու՞ այդպիսի հանձնաժողով չի առաջարկվում ստեղծել ուսանողների հագուկապը, վարքը, վարվելաձը գնահատելու համար:
Այդ մասին կմտածենք...