«Դաս՝ առանց դասագրքի». միջոցառում` միտված հաղորդակցային հմտությունների զարգացմանը

Դիտումների քանակ՝ 1775

Լեզուների ամբիոնի դասախոս Անահիտ Շահինյանի նախաձեռնությամբ  հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 1-ին կուրսում այսօր անցկացվեց անգլերենի բաց դաս: Թեման հետաքրքրական էր՝ «Անձի տեսակներ» և անդրադառնում էր ուսանողներին, աշխատողներին, մարդկանց այլ խմբերի՝ առանձնացնելով  տարբերող  բնութագրական հատկանիշներ: Ինտերակտիվ դասին ներկա էին լեզուների ամբիոնի ղեկավար Սուսաննա Չալաբյանը, դասախոսներ:

Բանախոսը Անահիտ Շահինյանն էր, ով հընթացս հարցեր էր հղում լսարանին՝ ներգրավելով ուսանողներին: Որո՞նք են հաջողակ և ձախողակ, լավատես և հոռետես, ակտիվ և պասիվ մարդկանց առանձնահատկությունները, ինչպե՞ս է մասնագիտությունը փոխում մարդուն և նրա մեջ համապատասխան հատկանիշներ ձևավորում, ո՞րն է հաջողության հասնելու գրավականը, ի՞նչն է դարձնում մարդուն տարբերվող և վառ անհատականություն. այս հարցերին պատասխանում էին 1-ին կուրսեցիները:

Ուշագրավ էր ամփոփիչ խաղ-վարժությունը. դասախոսը կարդում էր թեմային առնչվող ասույթների սկիզբը, շարունակությունն ասում էին ուսանողները:

«Բանավոր խոսքի բարելավման նպատակով հաճախ ենք կազմակերպում այսպես ասած՝ առանց դասագրքերի դասեր, քննարկումներ, և սա հերթականն է: Թեմայի ընտրությունը ևս կարևորում ենք՝ ընտրելով ուսանողներին հետաքրքրողները, մոտիվացնողները»,-ընդգծեց դասախոսը:

Դասը եզրափակվեց ոգեշնչող խոսքերով՝ «Մենք ծնվել ենք հաղթելու համար, բայց որպեսզի հաղթենք, պետք է տրամադրվենք հաղթանակի, պատրաստ լինենք հաղթանակի և ակնկալենք հաղթանակ»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին