ՀՊՏՀ-ում հյուրընկալվել են Արցախի պետական համալսարանի ուսանողներ
Արցախի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ սեպտեմբերի 25-29-ը մեկշաբաթյա դասընթացների մասնակցելու նպատակով հյուրընկալվել են մեր համալսարանում: Երկու համալսարանների փոխգործակցության շրջանակներում այս հարցով ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին նամակով դիմել էր ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը: Սա երկկողմ համագործակցության հերթական քայլն է:
Երկուշաբթիից ուրբաթ Արցախի պետական համալսարանի ուսանողները եղել են մեր համալսարանում, մասնակցել են ՀՊՏՀ ուսանողական խորհրդի կազմակերպած բոլոր միջոցառումներին: Ինչպես տեղեկացրեց ՈւԽ նախագահ Հովհաննես Հարությունյանը՝ ուսխորհրդականներն ամեն կերպ ջանացել են հյուրերի այցը հիշարժան դարձնել:
Այսպես, արցախցի ուսանողները մասնակցել են միջֆակուլտետային, ներֆակուլտետային ժամանցային, ինտելեկտուալ միջոցառումներին, ծանոթություններ հաստատել ՀՊՏՀ-ականների հետ: Բացի դրանից, իրենց ցանկությամբ ունկնդրել են մարքեթինգ մասնագիտությանը վերաբերող բանախոսություն, որը վարել է մարքեթինգի ամբիոնի դասախոս Գրիշա Ամիրխանյանը: Մեր ուսանողների ուղեկցությամբ հյուրերն այցելել են Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում ՀՊՏՀ ՈւԽ կողմից տեղադրված, Քառօրյա պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշաքարին և հարգանքի տուրք մատուցել մերօրյա հերոսներին: Ուսանողներն ուրբաթ մեկնել են Արցախ՝ մեր համալսարանից հեռանալով վառ տպավորություններով ու կրկին հյուրընկալվելու ցանկությամբ:
Առաջիկայում սպասվում է ՀՊՏՀ դասախոսների այցը ԱրՊՀ, որտեղ նրանք կիրականացնեն վերապատրաստման ծրագրեր և հանդես կգան դասախոսություններով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին