ՀՊՏՀ ուսանողները կմասնակցեն «Էրեբունի-Երևան – 2794» տոնակատարության կազմակերպչական աշխատանքներին

Դիտումների քանակ՝ 1223

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 14-ին մեծ շուքով կնշվի Երևանի ծննդյան 2794-ամյակը` «Իմ սրտի մայրաքաղաք» խորագրով: 
«Էրեբունի-Երևան – 2794» տոնակատարության շրջանակներում հանդիսություններ կանցկացվեն քաղաքի տարբեր մասերում տեղադրված 26 բեմահարթակներում: Տեղի կունենան մարզամշակութային բազմաթիվ միջոցառումներ, կրկեսային ու թատերական ներկայացումներ, կկազմակերպվեն ավիամոդելավորողների և վինդսերֆինգի ցուցադրական ելույթներ, բացօթյա գրական ցերեկույթներ, նաև բիենալե, մարաթոնյան ու հեծանվային վազք։ Միջոցառումները կսկսվեն Էրեբունի արգելոց – թանգարանի հարակից հրապարակից և կավարտվեն երեկոյան երեկոյան`Հանրապետության հրապարակում կազմակերպված տոնական համերգով և շքեղ հրավառությամբ: 
Տոնական միջոցառումներին իրենց գործուն մասնակցությունը կունենան նաև ՀՊՏՀ ուսանողները: Ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի հետ զրույցում տեղեկացրեց, որ ՀՊՏՀ 100 ուսանող կամավորության սկզբունքով կմասնակցի «Էրեբունի-Երևան – 2794» միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին և կնպաստի տոնն ավելի շքեղ ու գեղեցիկ դարձնելուն: Սևակ Խաչատրյանը նշեց նաև, որ ուսանողները ակտիվորեն կմասնակցեն նաև ժամը 14. 00-ին Ռուսաստանի հրապարակից մեկնարկող տոնական շքերթին, որը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ողջույնի խոսքից հետո, երթով կուղևորվի դեպի Հանրապետության հրապարակ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին