Բանակ զորակոչված մեր ուսանող Ալբերտ Ջալադյանը դարձել է ռեկորդակիր

Դիտումների քանակ՝ 943

ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի 2-րդ կուրսից բանակ զորակոչված և Արցախի զորամասերից մեկում իր զինվորական պարտքը կատարող Ալբերտ Ջալադյանը դարձել է ռեկորդակիր: Սեպտեմբերի 20-ին զորամասում հրամանատարության և բուժանձնակազմի ներկայությամբ բանակ զորակոչված մեր ուսանողը, ցուցաբերելով անկոտրում կամք, ոտքերի ծալքը սահմանափակել է երկաթյա ձողով, 4 ժամ 27 րոպեում 9023 անգամ` պառկած դիրքից կատարել է արտակորում դեպի առաջ (պրես) վարժությունը: 

Այս մասին տեղեկացանք «Հայոց աշխարհ» օրաթերթի «Նախանձախնդիրների նոր նվաճումները» հրապարակումից, որից հետո ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության բաժինը կապվեց Ալբերտ Ջալադյանի քրոջ՝ Նունե Ջալադյանի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում նախ հաստատեց տեղեկատվությունը, ապա հայտնեց, որ սեպտեմբերի 26-ին Ալբերտի ռեկորդը գրանցվել է «Դյուցազնագրքում», որի մասին զինվորի ծնողներին հայտնել է «Դյուցազնագրքի» նախագահ Վարդան Թովմասյանը:


ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շնորհավորում է մեր բուհի զինվոր մարզիկին, մաղթում բարի ծառայություն և նորանոր նվաճումներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին