ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում բացվել է ժամանակակից համակարգչային լսարան
28.09.2012
Դիտումների քանակ՝ 1042
ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանի տեղեկացմամբ` երեկ մասնաճյուղում բացվել է համակարգչային նոր լսարան` «ՎիվաՍել ՄՏՍ» ընկերության աջակցությամբ: Լսարանի բացմանը մասնակցել են Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և «ՎիվաՍել ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ընկերությունը մասնաճյուղին է նվիրել 12 համակարգիչ, Smartboard էլեկտրոնային գրատախտակ, պրոյեկտոր, տպիչ, պատճենահանող սարք, սկաներ, ֆաքս և բարձրակարգ ինտերնետային կապուղի: Լսարանի բացման նախապատրաստական աշխատանքներին մեծ օժանդակություն է ցուցաբերել նաև ՀՊՏՀ մայր բուհը` նախօրոք լսարանում ապահովելով համակարգչային ներքին ցանց և էլեկտրականության համար անհրաժեշտ պարագաներ:
Սոս Խաչիկյանի խոսքով` միջոցառման ժամանակ, Ռալֆ Յիրիկյանը հանդես է եկել տեղեկատվական տեխնոլոգիաների ու կրթության միասնական զարգացման մասին ելույթով և նշել, որ մարզերի կրթության զարգացման նպատակով հատկացվող միջոցները անընդհատ ավելացվելու են և համագործակցությունը ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի հետ շարունակվելու ու զարգանալու է:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին