ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնում վերապատրաստված քաղծառայողները վկայականներ ստացան

Դիտումների քանակ՝ 1061

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի ունեցավ ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնում «Համակարգչային տեխնոլոգիաների կառավարում» ծրագրով քաղաքացիական ծառայողների վերապատրաստման աշնանային փուլի դասընթացներն ավարտած երկրորդ խմբի առաջատար և գլխավոր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Շնորհավորելով մասնակիցներին դասընթացներն ավարտելու կապակցությամբ` ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնի տնօրեն Հովհաննես Մարգարյանը նրանց հանձնեց վկայականները:

Տեղեկացնենք, որ վերապատրաստման վերոնշյալ ծրագրի աշնանային փուլը մեկնարկել է սեպտեմբերի 3-ից: Այս փուլին կմասնակցեն հանրապետության տարբեր գերատեսչությունների բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր քաղծառայողներ: Դասընթացները կտևեն մինչև դեկտեմբերի 7-ը և կընթանան հետևյալ ուղղություններով` համակարգչային տեղեկատվական տեխնոլոգիաներ և կառավարում, կառավարչական հմտություններ, ՀՀ սահմանդրական փոփոխություններ, «ՀՀ քաղաքացիական ծառայության մասին» օրենքի փոփոխություններ: 

Նշենք նաև, որ դասընթացներն ավարտած մասնակիցների առաջին խմբում ընդգրկված էին առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներ, որոնք մինչև սեպտեմբերի 14-ը անցան վերապատրաստման ծրագրով նախատեսված վերոնշյալ դասընթացները:

Հիշեցնենք, որ քաղաքացիական ծառայողների «Համակարգչային տեխնոլոգիաների կառավարում» վերապատրաստման ծրագրի գարնանային փուլը կազմակերպվել է մարտի 26-ից հունիսի 15-ը ընկած ժամանակահատվածում: Դասընթացներն ավարտել են ՀՀ գրեթե բոլոր գերատեսչությունների 235 բարձրագույն և գլխավոր, առաջատար և կրտսեր մասնագետներ: 
 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին