«Հարցազրույցի երկու կողմեր» խորագրով սեմինար ՀՊՏՀ-ում
Շարունակական կրթության և կարիերայի բաժինն այսօր մեր համալսարանի ուսանողների համար կազմակերպել էր «Հարցազրույցի երկու կողմեր» խորագրով սեմինար՝ նվիրված մարդկային ռեսուրսների կառավարման խնդիրներին: Բանախոսում էր Բանկային կառավարման դպրոցի տնօրեն Վարդուհի Հարությունյանը, ով երկար տարիների փորձ ունի այդ ոլորտում և քաջածանոթ է ոլորտի խնդիրներին:
Սեմինարի նպատակն էր աջակցել ուսանողներին՝ զարգացնելու հմտություններ, որոնք ուսանողներին շատ անհրաժեշտ են գործատուների հետ շփումներում, հարցազրույցներում և հանդիպումներում, ինչպես նաև նպաստել աշխատանք փնտրելու միջոցների և կարողությունների ընդլայնմանը: Լսարանը հետաքրքրված էր բանախոսի դիտարկումներով և ուներ նաև իր տեսակետները; Ոմանք ներկայացնում էին անձնական փորձը և առաջարկում նոր լուծումներ ներկայացվող իրավիճակներում: Մարքեթինգի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Բաղրամյանը հետաքրքիր լուծումներ առաջարկեց առաջադրված սթրեսային հարցազրույցների ժամանակ և կարևորեց ներկայանալի լինելու իր տարբերակները: Բանախոսը անդրադարձավ նաև մեր իրականությունում հարցազրույցի ժամանակ հաճախ տրվող հարցերին և ներկայացվող հակիրճ կենսագրականներին՝ նշելով այն կարևոր մանրուքները, որոնց հիմնականում աշխատանք փնտրողները ուշադրություն չեն դարձնում:
Շարունակական կրթության և կարիերայի բաժնի պետ Աիդա Առուստամյանը նշեց. «Հաշվի առնելով այն փաստը, որ այսօր մեր ուսանողները ուսումը համատեղում են աշխատանքի հետ, հաճախ կարիք է զգացվում հակիրճ կենսագրականները ներկայացնելուց զատ հանդիպել նաև գործատուի հետ, մասնակցել հարցազրույցի և հնարավորություն ունենալ տեսական գիտելիքները լրացնել հմտութուններով ու փորձով: Իսկ նման հանդիպումները, կարծում եմ, օգտակար կլինեն մեր ուսանողների համար»:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին