ՀՊՏՀ ներկայացուցիչները՝ Թադևոս Հակոբյանի 100-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողովում

Դիտումների քանակ՝ 2394

Սեպտեմբերի 28-29-ին Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում տեղի է ունեցել հայտնի գիտնական, պատմաբան-աշխարհագրագետ, մի շարք հիմնարար աշխատությունների հեղինակ Թադևոս Հակոբյանի ծննդյան (1917-1989) 100-ամյակին նվիրված  «Հայաստանի Հանրապետության և Մերձավոր Արտասահմանի տնտեսության զարգացման և տեղաբաշխման ժամանակակից հիմնախնդիրները» խորագրով հանրապետական գիտաժողովը, որին  ՀՊՏՀ-ից մասնակցել են  «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող, «Տնտեսագիտական հետազոտություններ» ծրագրի ղեկավար, տ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը, «Հանրային քաղաքականության և անվտանգության հետազոտություններ» ծրագրի ավագ հետազոտող, փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի դոցենտ, փ.գ.թ. Սոֆյա Օհանյանը, «Տնտեսագիտական հետազոտություններ» ծրագրի հետազոտող, տ.գ.թ. Գայանե Թովմասյանը, բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի դասախոս, աշխ.գ.թ. Վոլոդյա Մանասյանը: Այս մասին տեղեկացնում են «Ամբերդի» մեր գործընկերները:

Գիտաժողովի լիագումար նիստում Սամվել Ավետիսյանը և Վոլոդյա  Մանասյանը հանդես են եկել «Կլիմայի փոփոխության ազդեցությունը հարմարվողական լանդշաֆտային համակարգի և գյուղատնտեսության գոտիական մասնագիտացման վրա» համահեղինակային զեկույցով, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել:  Ընդգծվել է, որ կլիմայի փոփոխության կանխատեսումների հիման վրա ՀՀ գյուղատնտեսության դիվերսիֆիկացումը, նորամուծական տեխնոլոգիաների ներդրումը և առավել բարձրարժեք մշակաբույսերի շրջանացումը կարևոր է՝ հավանական ռիսկերի մեղմացման, ինչպես նաև հարմարվողական լանդշաֆտային համակարգի ձևավորման համար:

Գիտաժողովի նիստերն ընթացել են «Զբոսաշրջության և ռեկրեացիայի տարածքային կազմակերպում և կառավարում», «Ռեսուրսների արդյունավետ օգտագործման և կառավարման հարցեր», «Բնակչության միգրացիայի, տարաբնակեցման և վարչատարածքային բաժանման հիմնահարցեր» բաժանմունքներում, ինչպես նաև «Թադևոս Խաչատուրի Հակոբյանի գիտական ժառանգությունը», «Հայկական լեռնաշխարհի, բնակչության և բնակավայրերի պատմաաշխարհագրական ուսումնասիրությունները», «Հայաստանը հայ և օտարերկրյա հեղինակների պատմական քարտեզներում», «Հայաստանի երկրագրական ուսումնասիրությունները» թեմատիկ ուղղություններով:

Սոֆյա Օհանյանը հանդես է եկել 20-րդ դարասկզբի հայ մտածող Երվանդ Ֆրանգյանի ուշագրավ աշխատություններից մեկի գնահատմանը նվիրված «Երվանդ Ֆրանգյանի «Ատրպատական» երկի հայագիտական արժեքը» հոդվածով: Նշվել է, որ Ֆրանգյանը, իր ստեղծագործության մեջ վերլուծելով Ատրպատականի հայերի ազգային հոգեկերտվածքի առանձնահատկությունները (անկեղծության բացակայություն, անտարբերություն ազգային արժեքների, կրթության ու լուսավորության նկատմամբ, կրավորականություն, տգիտություն), մատնանշում է իրավիճակը շտկելու մի շարք ուղիներ. հայերի հավաքում մի վայրում, ժողովրդի ու ազգային հիմնարկությունների (դպրոց, թատրոն, եկեղեցի) միջև կապի հաստատում:

Գայանե  Թովմասյանը ներկայացրել է «Ռեկրեացիայի բուժիչ-կուրորտային տեսակի զարգացման հնարավորությունները ՀՀ-ում» թեմայով զեկուցում, որտեղ անդրադարձել է ռեկրեացիայի էությանը, տեսակներին, գործառույթներին, վերլուծել և գնահատել է ռեկրե­ա­ցիայի բուժիչ-կուրորտային տեսակի զարգացման ռեսուրսային հնարա­վորություն­ները, ներուժը և զարգացման նա­խադրյալները Հա­­յաստանում: Զեկույցը մեծ հետաքրքրություն է առաջացրել, ծավալվել է ակտիվ քննարկում՝ Հայաստանում ռեկրացիոն և զբոսաշրջության այլ տեսակների զարգացման հնարավորությունների վերաբերյալ:

Հանրապետական երկօրյա գիտաժողովին զեկուցումներով հանդես են եկել ԵՊՀ-ից, Հայաստանի այլ բուհերից, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից, ինչպես նաև Արցախից և Ռուսաստանից մասնակիցներ:

Նշենք, որ գիտաժողովը լուսաբանվել է նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ. կարող եք դիտել այս հղումով՝ goo.gl/EJTp2N   :

Լուսանկարները տրամադրել են ՀՊՏՀ մասնակիցները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին