Անվանական կրթաթոշակակիրների հաստատում, հոբելյարի շնորհավորում և այլ հարցեր՝ ռեկտորատի այսօրվա նիստում

Դիտումների քանակ՝ 3058

ՀՊՏՀ այսօր կայացած նիստը հագեցած էր. օրակարգային հարցերից զատ կար հոբելյանական առիթ: ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը մինչ նիստը սկսելը համալսարանի աշխատակազմի և ուսանողության անունից ջերմագին շնորհավորանքներ հղեց կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Հարություն Պապոյանին՝ ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր նվիրական, ստեղծարար մոտեցումների և բարեխիղճ աշխատանքի համար և մաղթում աշխատանքային երկար տարիներ մեր կոլեկտիվում, որպեսզի հնարավորություն ունենաք Ձեր ավանդը ներդնելու  երիտասարդ սերնդի կրթման և դաստիարակման գործում, ինչն արել եք նախորդ շուրջ 30 տարիներին»,- ասաց Կորյուն Աթոյանը և հոբելյարին հանձնեց շնորհավորական  ուղերձ, որում մասնավորապես նշվում է. «Հպարտ ենք, որ մեր համալսարանում, մեզ հետ կողք կողքի աշխատում է Ձեզ նման գիտնական-մանկավարժ, գործընկեր ու քաղաքացի, ով անմնացորդ կերպով իր ավանդն է բերում գիտության զարգացման, սերունդների կրթության ու դաստիարակության գործին: Լինելով իսկական մտավորական, օժտված մանկավարժական անուրանալի ձիրքով՝ Դուք էական դերակատարում եք ունեցել մեր համալսարանի պատմության մեջ և այսօր էլ շարունակում եք աշխատել անխոնջ կերպով ու մեծ նվիրումով: Աշխատանքային չորս տասնամյակից ավելի Դուք անցել եք հարուստ ճանապարհ՝ Ձեր դիտակետում ունենալով շուկայի ուսումնասիրման ու կանխատեսման հիմնահարցերը: Գիտաժողովներում, գիտական հանրույթի հետ աշխատանքային բազմապիսի հավաքներում, վերապատրաստման ծրագրերում կատարելագործել եք Ձեր մասնագիտական կարողություններն ու որակը»:

Հոբելյարն իր հերթին շնորհակալություն հայտնեց ռեկտորատին նման վերաբերմունքի համար՝ փոխադարձելով ցանկությունները, մաղթելով քաջ առողջություն և հետագա բեղմնավոր աշխատանք:

Օրակարգի առաջին հարցը զեկուցեցին ֆակուլտետների դեկանները՝ ամփոփելով 2016-2017 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի արդյունքները: Ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը ռեկտորատի հաստատմանը ներկայացրեց 2017-2018 ուսումնական տարվա փոխատեղման արդյունքները: Այնուհետև պրոռեկտորը հաստատման ներկայացրեց մանդատային հանձնաժողովի առաջարկը 2017-18 ուսումնական տարվա առաջին կիսամյակում անվանական կրթաթոշակներ տրամադրելու մասին՝ նշելով, որ հարցը քննարկվել է ամբիոններում, ֆակուլտետային խորհուրդներում, ապա մանդատային հանձնաժողովում: Ցանկը, որը ստորև ներկայացնում ենք ըստ ուսումնական բաժնի տրամադրած փաստաթղթի, ռեկտորատը հաստատեց:

Եվ այսպես, համալսարանի 2017-2018 ուսումնական տարվա I կիսամյակի անվանական կրթաթոշակների թեկնածուներն ըստ ֆակուլտետների բաշխվել են հետևյալ կերպ.

  1. ՄանեՅուրիիԴանիելյան /վճարովի/՝համալսարանի կառավարման ֆակուլտետի «Կառավարում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի,   Զ. Բաշինջաղյանի անվան կրթաթոշակ:
  2. ՄերիՌոբերտիՕհանյան /անվճար/՝ համալսարանի ֆինանսական ֆակուլտետի «Մաքսային գործ», մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի, Հ. Թումանյանի անվան  կրթաթոշակ:
  3. ՍուրենԱվետիսիՄինասյան /անվճար/՝  համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի «Միջազգային տնտեսական հարաբերություններ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող, Մ. Քոթանյանի անվան կրթաթոշակ:
  4. ԱնիԱրթուրիԽաչատրյան /անվճար/՝ համալսարանի մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի «Մարքեթինգ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող, Վ. Ներկարարյանի անվան կրթաթոշակ:
  5. ԱրմենԱրայիՄկրտչյանը /վճարովի/՝ համալսարանի  ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի «Կառավարման տեղեկատվական համակարգեր» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող, Ա. Արզումանյանի անվան  կրթաթոշակ:
  6. ԶեփյուռՄարտինիԱլեքսանյան /վճարովի/՝ համալսարանի հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի «Աուդիտ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի, Կ. Կարագյանի անվան կրթաթոշակ:
  7. ՍոնաԿարենիՈսկանյան /վճարովի/՝ համալսարանի հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի «Հաշվապահական հաշվառում ըստ ճյուղերի»  մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող,  համալսարանի ուսանողական խորհրդի կողմից տրամադրվող կրթաթոշակ:

Ռեկտորատը հաստատեց նաև մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտք ունեցող ուսանողների վերահանձնումների ժամանակացույցը, որի մասին մեր լուրը կարող եք կարդալ հետևյալ հղումով՝  www.asue.am/am/էջեր-220//ի-գիտություն-ուսանողների-3397:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին