Սոֆյա Օհանյանը՝ միջազգային փիլիսոփայական գիտաժողովի մասնակից
Սեպտեմբերի 25-28-ը ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում ռուսական հեղափոխության 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքում կայացել է «Ռուսական լոգոս. իմաստավորման հորիզոնները» միջազգային փիլիսոփայական գիտաժողովը, որը կազմակերպել էին Սանկտ-Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտը, ՌԴ ԳԱԱ սոցիոլոգիական ինստիտուտը, Ռուսական քրիստոնեական հումանիտար ակադեմիան, Ռուսական պետական հումանիտար համալսարանը, Ա. Գերցենի անվան ռուսական պետական մանկավարժական համալսարանը, Սանկտ-Պետերբուրգի փիլիսոփայական միությունը: Գիտաժողովը նվիրված էր ռուսական մտքի ավանդույթներին՝ փիլիսոփայական, կրոնական, հասարակական-քաղաքական, գրական-գեղարվեստական դրսևորումներով, ժանրային, գաղափարախոսական ու պատմական ինքնատիպությամբ և հակասականությամբ: Գիտաժողովին մասնակցել են հումանիտար գիտելիքի տարբեր ոլորտների մոտ 170 հետազոտողներ՝ փիլիսոփաներ, բանասերներ, պատմաբաններ, գրականագետներ, արվեստաբաններ, տրամաբաններ, սոցիոլոգներ, քաղաքագետներ, հոգեբաններ, Ռուսաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Ճապոնիայից, Չեխիայից, Ուկրաինայից, Բելառուսից: Գիտաժողովի մասին ընդարձակ տեղեկատվություն առկա է հետևյալ հղումով:
Գիտաժողովին հեռավար կարգով իր մասնակցությունն է բերել ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի դոցենտ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Հանրային քաղաքականության և անվտանգության հետազոտություններ» ծրագրի ավագ հետազոտող, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Սոֆյա Օհանյանը «Նիկոլայ Միխայլովսկի. մեծ փիլիսոփա-սոցիոլոգը» զեկուցմամբ: Զեկուցումը նվիրված է XIX դարի ռուս մեծագույն տեսաբաններից մեկի՝ Նիկոլայ Միխայլովսկու փիլիսոփայական և սոցիոլոգիական հայացքների վերլուծությանը XX դարասկզբի հայ ականավոր փիլիսոփա, հասարակական և քաղաքական գործիչ Երվանդ Ֆրանգյանի կողմից:
1911 թ. Երևանում տպագրվեց Ֆրանգյանի «Միխայլովսկին՝ որպես փիլիսոփա սոցիոլոգ» աշխատությունը, իսկ 1912 թ. Բեռլինի համասարանում Ֆրանգյանը նույն թեմայով դոկտորական ատենախոսություն պաշտպանեց՝ ստանալով փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան: Այնուհետև գիրքը թարգմանվեց գերմաներեն և 1913 թ. լույս տեսավ Բեռլինում: Դրանից անմիջապես հետո աշխատությունը մեծ արձագանք գտավ՝ արժանանալով ռուս գիտական մտքի ներկայացուցիչների և հատկապես արդի սոցիոլոգիայի մեծագույն տեսաբաններից մեկի՝ Պիտիրիմ Սորոկինի ուշադրությանը: 1914 թ. "Заветы" ամսագրում տպագրվեց Սորոկինի գրախոսական հոդվածը հայ Ֆրանգյանի այդ աշխատության մասին, որում նա, բարձր գնահատելով հայ մտածողի կատարած վերլուծական աշխատանքը, ընդգծում է գրքի ռուսերեն թարգմանության անհրաժեշտությունը:
Մեր գործընկերոջ զեկուցումը լույս է տեսել գիտաժողովի նյութերի ժողովածուում, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով (էջ 165):
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին