ՀՊՏՀ ՇԼԿ կենտրոնում մեկնարկել է քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագրի աշնանային փուլը
ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության (ՇԼԿ) կենտրոնից մեզ տեղեկացրեցին, որ երեկվանից մեկնարկել է քաղաքացիական ծառայության խորհրդի 2006թ. սեպտեմբերի 8-ի թիվ 740-Ա որոշմամբ հաստատված` «Համակարգչային տեխնոլոգիաներ և կառավարչական հմտություններ» վերնագրով քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագրի աշնանային փուլը, որին կմասնակցեն հանրապետության տարբեր գերատեսչությունների բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր քաղծառայողներ: Դասընթացները կտևեն մինչև դեկտեմբերի 7-ը և կընթանան հետևյալ ուղղություններով` համակարգչային տեղեկատվական տեխնոլոգիաներ և կառավարում, կառավարչական հմտություններ, ՀՀ սահմանադրական փոփոխություններ, «ՀՀ քաղաքացիական ծառայության մասին» օրենքի փոփոխություններ: Մասնակիցների առաջին խմբում ընդգրկված են առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներ, որոնք մինչև սեպտեմբերի 14-ը կանցնեն վերապատրաստման ծրագրով նախատեսված վերոնշյալ դասընթացները:
Հիշեցնենք, որ «Համակարգչային տեխնոլոգիաներ և կառավարչական հմտություններ» վերնագրով քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագրի գարնանային փուլը կազմակերպվել էր մարտի 26-ից հունիսի 15-ը ընկած ժամանակահատվածում: Դասընթացներն ավարտել են ՀՀ գրեթե բոլոր գերատեսչությունների 250 բարձրագույն և գլխավոր, առաջատար և կրտեսեր մասնագետներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին