Փոխըմբռնման հուշագիր՝ ՀՊՏՀ և Բրատիսլավայի տնտեսագիտական համալսարանների միջև

Դիտումների քանակ՝ 1339

Այսօր մեր համալսարանի նիստերի սրահում Հայաստանի պետական տնտեսագիտական և Բրատիսլավայի տնտեսագիտական համալսարանների միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որով հիմք դրվեց համագործակցության ընդգրկուն մի շրջանակի, որը ներառում է կրթական ու գիտական կապեր, փոխանակման ծրագրեր: 
Բրատիսլավայի տնտեսագիտական համալսարանի պատվիրակության հետ հանդիպմանը ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանն ասաց. «Բրատիսլավայի տնտեսագիտական համալսարանի պատվիրակության` մեր բուհում հյուրընկալելու առիթը փոխըմբռնման հուշագրի ստորագրումն է, ինչի համար մենք երկար ժամանակ բանակցել ենք: Ինչպես գիտեք, մենք շատ ենք կարևորում ԱՊՀ երկրների և եվրոպական բուհերի հետ համագործակցությունը: Հուսով ենք, որ այս նոր համագործակցությունը կծառայի նպատակին և կնախատեսի գործունեության բազմաթիվ ոլորտներ»: 
Ռեկտորը տեղեկացրեց, որ գործընկեր կողմի հետ առաջին հանդիպումը և հուշագրի վավերացումը կունենա գործնական շարունակություն, և անելիքները քննարկելուց հետո հետագա հանդիպումները կանցնեն բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության մասնակցությամբ:

Հյուրերի պատվիրակության անունից խոսք ասաց Բրատիսլավայի տնտեսագիտական համալսարանի ազգային տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Յան Լիսին` մասնավորապես նշելով, որ հիմնական քայլը կատարելով` իրենք ենթադրում են, որ համագործակցությունը կլինի արդյունավետ և ժամանակի ընթացքում կզարգանա ու կծավալվի: Պատվիրակության անդամները նաև շրջայց կատարեցին ՀՊՏՀ տարածքում, ծանոթացան բարենորոգվող համալսարանի կառուցվածքին, գործունեությանը, անելիքներին ու հեռանկարներին:
 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին