ՀՊՏՀ մագիստրանտն արժանացել է մրցանակի. աշխատանքի ղեկավարը ևս պատվոգրի է արժանացել

Դիտումների քանակ՝ 835

ՀՊՏՀ մագիստրանտն արժանացել է մրցանակի։ Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեցին գիտության բաժնից՝ նշելով, որ ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում մասնագիտության 2-րդ կուրսի մագիստրանտ Աստղիկ Ավետիսյանի ներկայացրած` «Հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները» գիտական աշխատանքը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կից ֆինանսական համալսարանի կազմակերպած Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ուսանողների և ասպիրանտների գիտական աշխատանքների և հետազոտությունների մրցույթին ու հաղթող է ճանաչվել «Արդյունավետ լուծումների որոնում» անվանակարգում: Գիտական աշխատանքի բարձր մակարդակի, ինչպես նաև ստեղծագործական մոտեցման  և մանկավարժական վարպետության համար պատվոգիր է շնորհվել նաև գիտական աշխատանքի ղեկավարին` միկրոէկոնմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում ամբիոնի դոցենտ Աշոտ Եղիազարյանին:
«Անչափ ուրախ եմ և գոհ, որ իմ ներկայացրած աշխատանքն արժանացել է նման բարձր գնահատականի: Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև ղեկավարիս, ում հետ աշխատանքի ընթացքում շատ բան սովորեցի, կարողացա համակողմանիորեն ներկայացնել ուսումնասիրության համար ընտրված բնագավառի հիմնախնդիրները, կատարել առաջարկություններ ու եզրահանգումներ»,- մեզ հետ զրույցում ասաց Աստղիկը և հավելեց, որ գիտական աշխատանքների մրցույթին մասնակցել է 300 գիտական ուսումնասիրություն: Աստղիկ Ավետիսյանը մեզ հայտնեց նաև, որ իր` «Պետական և մասնավոր հատվածի համագործակցության զարգացման հեռանկարները սոցիալ-տնտեսական ոլորտում» ուսումնասիրությունը ներկայացրել է ՌԴ Սարատովի Գագարինի անվան պետական տեխնիկական համալսարանի կազմակերպած երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողովին և սպասում է արդյունքների հրապարակմանը:

Հաջողություն և նորանոր նվաճումներ ենք մաղթում մեր երիտասարդ գիտնականին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին