Սեպտեմբերի 3–ին մեկնարկում է նոր ուսումնական տարին. անհրաժեշտ տեղեկատվություն՝ ուսանողների համար

Դիտումների քանակ՝ 978

Երկուշաբթի՝ սեպտեմբերի 3–ին, կմեկնարկի նոր ուսումնական տարին։

Խանդավառություն, ուսումնական գործընթացի սկզբին բնորոշ անխուսափելի եռուզեռ ու իրարանցում կհամակեն բոլորիս ու աստիճանաբար կմտնենք աշխատանքային բնականոն հուն:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ուսումնական գործընթացը վերսկսում է նոր լիցքերով, պատրաստված և պատրաստակամ իր սաներին ընդունելու գրկաբաց ու աջակից լինելու նրանց խնդիրների լուծմանը:

Այս տարի համալսարան է շեմում բարձր մրցույթով ընդունված առաջին կուրսեցիների մի մեծաթիվ բանակ, որոնք, հավատացած ենք, արագորեն հարմարվելով նոր միջավայրին` դառնալու են ուշիմ ու աշխատասեր ուսանողներ, սկսելու են ապրել հարուստ ու բազմաբովանդակ ուսանողական կյանքով:

Բուհն իր նոր կենսագործունությունն սկսում է մի շարք բարեփոխումներով. նոր համալրում, որը դեռ ընթացքի մեջ է և դրական ցուցանիշներ է շարունակում գրանցել նաև ՀՊՏՀ Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղերում, բակալավրական և մագիստրոսական նոր մասնագիտություններ, բարենորոգվող ուսումնական ու հարակից միջավայր և ամեն օր թարմացվող, նորանոր ստեղծարար ծրագրեր:

Այս օրերին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոստը լեցուն էր նամակներով, որոնց հեղինակներն անհամբերությամբ ցանկանում էին տեղեկանալ դասերի մեկնարկի օրերին ու ժամերին: Դրանց մենք հանգամանորեն անդրադարձել ենք, սակայն հարկ ենք համարում կրկնել այդ անհրաժեշտ տեղեկատվությունը:

Ներկայացվող տեղեկանքը ևս մեկ անգամ անդրադառնում է ըստ կրթաձևերի դասերի մեկնարկի ժամանակացույցին:

Առկա բակալավրիատի 1-ին, 2-րդ, 3-րդ  կուրսերի ուսանողներին`

ուսումնական տարին առկա բակալավրիատի 1-ից 3-րդ կուրսերի ուսանողների համար կմեկնարկի սեպտեմբերի 3-ին, առավոտյան ժամը 9.30–ին: Այդ օրը առաջին կուրսեցիներին ֆակուլտետներում կդիմավորեն դեկանները, դեկանների տեղակալները, ամբիոնների վարիչները և ուղեկցելով լսարաններ` կապահովեն նորակոչիկների առաջին ծանոթությունը ՀՊՏՀ-ին: Ներածական դասախոսություններին առաջին կուրսեցիները կտեղեկացվեն բուհի կառուցվածքի, ուսումնական գործընթացի, ուսանողի իրավունքների ու պարտականությունների մասին:

Առկա բակալավրիատի 4-րդ  կուրսերի ուսանողներին`

ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու և դասերի խափանումը բացառելու համար որոշվել է բուհի հինգ ֆակուլտետներում (ֆինանսական, տնտեսության կարգավորման և ՄՏՀ, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման, ինֆորմատիկայի և վիճակագրության, հաշվապահական հաշվառման և աուդիտի) առկա բակալավրիատի 4-րդ կուրսերի դասերն սկսել երկրորդ հերթում` ժամը 14.05-ին։ Բացառություն է միայն կառավարման ֆակուլտետը, որտեղ առկա բակալավրիատի 4–րդ կուրսերի ուսանողների դասերը կսկսվեն ժամը 9. 30-ին:

Առկա մագիստրատուրայի ուսանողներին`

Տեղեկացնում ենք նաև, որ ՀՊՏՀ առկա մագիստրատուրայի դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 10-ին, դասապրոցեսը կընթանա 2-րդ հերթում, կմեկնարկի ժամը 14.05-ին:

Հեռակա բակալավրիատի ուսանողներին`

Դասերի ընթացքը հեռակա բակալավրիատում կընթանա հետևյալ ժամանակցույցով.

1-ին կուրս նոյեմբերի 12-ից` 4 շաբաթ,

2-րդ կուրս սեպտեմբերի 17-ից` 4 շաբաթ,

3-րդ կուրս նոյեմբերի 12-ից` 4 շաբաթ,

4-րդ կուրս սեպտեմբերի 17-ից` 6 շաբաթ,

5-րդ կուրս սեպտեմբերի 17-ից` 6 շաբաթ:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը բարի գալուստ, արդյունավետ ուսումնառություն է մաղթում բոլոր ուսանողներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին