Ամբիոնները շարունակում են ներկայացնել գիտահետազոտական աշխատանքներ. սեմինար մասսայական ոչնչացման զենքերի մասին

Դիտումների քանակ՝ 2072

ՀՊՏՀ ֆիզդաստիարակության,ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դոցենտ, քիմ. գ. թ. Վեներա Ոսկանյանը, ամբիոնային գիտահետազոտական սեմինարների  շրջանակում, այսօր բանախոսեց  «Մասայական ոչնչացման զենքեր, կիրառման առանձնահատկությունները և ազգաբնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմայով: Զեկուցումն ունկնդրելու էին եկել գիտության և ասպիրանտուրայի բաժնի աշխատակիցները՝ պետ Խորեն Մխիթարյանի գլխավորությամբ, վերոնշյալ ամբիոնի դասախոսներ, ուսանողներ:

Անդրադառնալով միջուկային զենքին՝ բանախոսը նշեց, որ ինչպես գիտենք, այն առաջին անգամ 1945թ. ԱՄՆ կողմից կիրառվել է Հերոսիմա և Նագասակի քաղաքների վրա և զենքի կործանիչ ազդեցության մասին քիչ թե շատ բոլորս ենք իրազեկ: Խոսվեց միջուկային զենքի ռադիոակտիվության, առաջացրած հետևանքների՝ ռադիոակտիվ վարակման, հարվածող ալիքի, լուսային ազդեցության և այլնի մասին:

Զեկույցի երկրորդ հատվածը վերաբերում էր ազգաբնակչության պաշտպանության կազմակերպման հարցերին՝ ինչպես պատսպարել մարդկանց, ինչ նշանակություն ունեն ապաստարանները, որ նյութերն են պաշտպանում միջուկային զենքի մահացու ճառագայթներից (օրինակ արճիճե թիթեղը, 1 մետր հաստությամբ հողը…), ինչպես ցույց տալ առաջին բուժօգնություն:

Բանախոսությանը զուգահեռ լուսապատկերի միջոցով ցուցադրվում էին համապատասխան լուսանկարներ:

Վեներա Ոսկանյանի ելույթից հետո լսարանը հարցադրումներ ներկայացրեց, դիտարկումներով հանդես եկավ քիմ. գ. թ. , դոցենտ Սիրանույշ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժնի նախաձեռնությամբ, այս ուսումնական տարում, ամբիոնային գիտահետազոտական թեմաների  (ներառյալ ԳՊԿ-ի կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրերը) շրջանակում անցկացվում են գիտական սեմինարներ. ներգրավված են համալսարանի բոլոր ամբիոնները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին