Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետն ուսանողներին կդիմավորի կազմ ու պատրաստ

Դիտումների քանակ՝ 979

Այս օրերին մեր բուհում տեղի են ունենում շինարարական աշխատանքներ, ինչին զուգահեռ, սակայն, բուհը պատրաստվում է նոր ուսումնական տարվա սկզբին։ Բուհում մաքրման, կազմակերպական և նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում։

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացել է ֆակուլտետներում կատարվող աշխատանքներին և այսօր ձեզ է ներկայացնում ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում տիրող իրավիճակը։ Ֆակուլտետի դեկան Թաթուլ Մկրտչյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով նոր ուսումնական տարվա մեկնարկին, ասաց, որ ֆակուլտետում ուսանողներին պատշաճորեն, կազմ ու պատրաստ դիմավորելու համար կատարվող նախապատրաստական աշխատանքները շարունակվում են: 
«Այս տարի ֆակուլտետի բիզնեսի կազմակերպում, մարքեթինգ, կոմերցիա և ապրանքագիտություն մասնագիտություններով ընդունվել է 222 ուսանող և, վստահեցնում եմ, որ ջանք չենք խնայում, որպեսզի նրանց մուտքը բուհ դառնա անմոռանալի»,-ասաց դեկանը: Թաթուլ Մկրտչյանի կարծիքով` ֆակուլտետն ուսանողների համար հարազատ տան նման ջերմ ու սիրելի պետք է լինի, քանի որ նրանք այստեղ են անցկացնում իրենց ժամանակի զգալի մասը, այստեղ են կրթվում ու հասունանում: 
«ՀՊՏՀ ղեկավարությունը հոգացել է, որ մեր ֆակուլտետում ևս աշխատելու և ուսումնառելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն: Դասապրոցեսը կկազմակերպվի գեղեցիկ ու լուսավոր լսարաններում: Նորոգվել ու հարմարավետ են դարձել հայոց և ռուսաց լեզուների, առաջին բուժօգնության և քաղպաշտպանության ամբիոններին, բուժկետին տրամադրված աշխատասենյակները, իսկ լսարաններում այս պահին ամրացվում են գրատախտակները, կատարվում մաքրման աշխատանքներ»,-տեղեկացրեց Թաթուլ Մկրտչյանը, և ուսանողներին կոչ արեց ամեն ինչին վերաբերվել սրտացավորեն, խնամքով, գնահատել ու արժևորել իրենց համար արված գործը, լավ սովորել։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին