ՀՊՏՀ հեռակա ուսուցմամբ բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով սովորել ցանկացողների թիվն օրեցօր աճում է

Դիտումների քանակ՝ 817

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովն օգոստոսի 10-ից սկսել է հեռակա ուսուցմամբ բակալավրիատի և հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելությունը:   ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի տեղակալ  Մերի Բադալյանի տեղեկացմամբ` այս պահի դրությամբ  ուսուցման այս ձևերով դիմորդների թիվը բաշխվել է հավասարապես` 50 դիմորդ հայտագրվել է հեռակա ուսուցմամբ բակալավրիատում, նույնքան` հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայում:

«Ընդամենը մի  քանի օր է` սկսել ենք այս գործընթացը, և պետք է ասեմ, որ առաջին օրերի համար ունենք բավականաչափ դիմորդներ: Հայտագրվածների թիվը խոստումնալից է և վկայում է այն մասին, որ ուսուցման այս ձևերում սովորել ցանկացողների պակաս չենք ունենա»,- ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ասաց Մերի Բադալյանը և վստահեցրեց, որ իրենք պատրաստ են օգնելու և աջակցելու դիմորդներին ցանկացած հարցում:

Հիշեցնենք,որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 2012-2013 ուսումնական տարվա հեռակա ուսուցման համար օգոստոսի 10–ից հայտարարել է բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով ընդունելություն և սկսել դիմում հայտերի ընդունումը: ՀՊՏՀ հեռակա բակալավրիատի դիմում հայտերի ընդունումը կավարտվի  սեպտեմբերի 20-ին:  Ընդունելության քննությունները կկազմակերպվեն սեպտեմբերի 29-ին և 30-ին: Հեռակա մագիստրատուրայի դիմորդների հայտագրման վերջնաժամկետն է  սեպտեմբերի 25-ը:  Շեմային քննությունները կկազմակերպվեն  սեպտեմբերի 26-ից 30-ը:

 Հաջողություններ ենք մաղթում բոլոր դիմորդներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին