Վաղը ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանի առաջին հերթափոխի հանգստացողները կմեկնեն Դիլիջան

Դիտումների քանակ՝ 925

ՀՊՏՀ Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանը վաղը` հուլիսի 5-ին, կընդունի առաջին հերթափոխի հանգստացողներին: ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում արհկոմիտեի նախագահ Գրիգոր Տերտերյանն ասաց, որ մարզաառողջարանի պետ Հակոբ Կյոկչյանը, պետի տեղակալ Լյուդմիլա Հարությունյանը, ճաշարանի աշխատակիցներն արդեն մեկնել են Դիլիջան և պատրաստ են ընդունելու հանգստացողներին: Ձեռք են բերվել նաև 3 ալեհավաք և տյուներներ, որոնց տեղադրման աշխատանքներն ընթացքի մեջ են: Այսպիսով` այս ամառ առաջին անգամ հանգստացողները հնարավորություն կունենան ստանալու թարմ տեղեկատվություն հեռուստատեսային լուրերից, դիտելու այս տարվա ամենահետաքրքրական միջոցառումը` լոնդոնյան օլիմպիական խաղերը: 
Արհկոմիտեի նախագահը նշեց նաև, որ մարզաառողջարանում ամեն ինչ կարվի, որպեսզի հանգստացողների առօրյան լինի բազմաբովանդակ ու հիշարժան: Կազմակերպվող մարզական, մշակութային ամենատարբեր միջոցառումները հանգստացողներին դրական լիցքեր կհաղորդեն:
«Դիլիջանի Բլդան գետի գեղատեսիլ ափին սփռված «Տնտեսագետ» մարզաառողջարանի բոլոր հերթափոխերի բնակիչները կվերադառնան ոչ միայն հանգստացած ու կազդուրված, այլև լի հարուստ տպավորություններով»,-մեր զրույցի ավարտին վստահեցրեց Գրիգոր Տերտերյանը:

Հիշեցնենք`ՀՊՏՀ Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանի առաջին հերթափոխը կտևի մինչև հուլիսի 5-17-ը: Մյուս հերթափոխերի ուղեգրերի վաճառքը շարունակվում է: Երկրորդ հերթափոխը հուլիսի 18-ից հուլիսի 30-ն է, երրորդը` հուլիսի 31-ից օգոստոսի 12-ը, չորրորդը` օգոստոսի 13-ից օգոստոսի 25-ը:
Ուղեգրի արժեքը ՀՊՏՀ աշխատակիցների և ուսանողների համար 35 հազար դրամ է, նրանց ընտանիքների անդամների համար` 40 հազար դրամ:
Ձեզ հետաքրքրող հարցերի և ուղեգրերի ձեռք բերման համար կարող եք դիմել ՀՊՏՀ արհկոմիտե:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին