ՀՊՏՀ գիտխորհրդի հերթական նիստի օրակարգը հագեցած էր

Դիտումների քանակ՝ 857

ՀՊՏՀ գիտխորհրդի երեկվա նիստի օրակարգը բավական հագեցած էր և անցավ գործնական ու աշխատանքային մթնոլորտում, որի ընթացքում ներկայացվեցին երկրորդ կիսամյակի քննաշրջանի արդյունքները։ Խորհուրդն արձանագրեց կիսամյակի ընթացքում ռեկտորատի, դեկանատների և ամբիոնների աշխատանքը` կրթական բարեփոխումները նոր մակարդակի հասցնելու, ուսումնական և կատարողական կարգապահությունը բարձրացնելու ուղղությամբ: Դիտարկվեցին բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա կրթահամակարգերի առաջադիմության ցուցանիշները` համադրելով դրանք նախորդ տարվա ցուցանիշների հետ: 
Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում կատարված ուսումնական և գիտահետազոտական աշխատանքները ներկայացրեց ֆակուլտետի դեկան Թաթուլ Մկրտչյանը: Նա ամփոփեց ֆակուլտետի 2011-2012 ուսումնական տարվա առաջին և երկրորդ կիսամյակների ուսումնական և գիտահետազոտական աշխատանքները, քննաշրջանների, ամփոփիչ ատեստավորման արդյունքները, անդրադարձավ ֆակուլտետի ամբիոնների աշխատանքին, ֆակուլտետում տեղ գտած խնդիրներին ու բացթողումներին:
ՀՊՏՀ գիտական խորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան ընտրեց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Զաքար Կիրակոսյանին, միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչի պաշտոնում ընտրեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանին, կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչի պաշտոնում` տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Լիանա Գրիգորյանին, ֆինանսական շուկաներ և ինստիտուտներ ամբիոնի պրոֆեսորի պաշտոնում` տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասլանյանին:
ՀՊՏՀ գիտական խորհուրդը կառավարման ամբիոնի դոցենտ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Վալերի Միրզոյանին շնորհեց պրոֆեսորի, իսկ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Մարիամ Մոմջյանին` դոցենտի գիտական կոչումներ` միջնորդելով ՀՀ ԲՈՀ-ին` հաստատելու գիտխորհրդի որոշումները:
Ընթացիկ հարցերի շարքում գիտական խորհուրդը հաստատեց մեկ ատենախոսության թեմա, երաշխավորեց գրքերի հրատարակություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին