Վաղվանից սկսվում է ՀՊՏՀ առկա բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողների ուսումնական փորձառությունը
ՀՊՏՀ առկա բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողների ուսումնական փորձառությունը (պրակտիկան) կմեկնարկի վաղը` հունիսի 29-ին: Ուսանողները նախատեսված ժամին, ամբիոնների իրենց ղեկավարների ուղեկցությամբ, կայցելեն փորձառության վայրերը: Ինչպես մեզ տեղեկացրին ՀՊՏՀ կարիերիայի և մարքեթինգի կենտրոնից` արդեն ավարտվել են նախապատրաստական աշխատանքները՝ համաձայնություն է ձեռք բերվել կազմակերպությունների հետ, ճշտվել են ուսանողների փորձառության անցկացման վայրերը, կատարվել է բաշխում: Այսօր և վաղը ուսանողները կհրավիրվեն ամբիոններ և կծանոթանան փորձառության իրենց ղեկավարների հետ: Վերջիններս ուսանողներին կներկայացնեն փորձառության էությունը, այն բոլոր խնդիրներն ու ծրագրերը, որոնք պետք է իրականացվեն ուսումնական փորձառության ընթացքում: Ուսանողներին կտրվեն նաև օրագրեր և ծրագրեր, կորոշվի ուսումնական փորձառության ամբիոնի ղեկավարի հետ պարբերական հանդիպումների օրն ու ժամը:
ՀՊՏՀ կարիերիայի և մարքեթինգի կենտրոնն ու ՀՊՏՀ ամբիոնները փորձառություն անցնող ուսանողներին հորդորում են արդյունավետորեն օգտագործել այս ժամանակահատվածը, օգտվել տեսական գիտելիքները գործնական աշխատանքում կիրառելու, աշխատանքային փորձ ձեռք բերելու, ինչպես նաև ապագայում աշխատատեղ գտնելու իրենց ընձեռված այս հնարավորությունից:
Հիշեցնենք` առկա բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողների՝ վաղվանից սկսվող ուսումնական փորձառությունը կավարտվի հուլիսի 26-ին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին