ՀՊՏՀ ռեկտորը հանդիպեց ՈւԽ ներկայացուցիչներին. քննարկվեցին ուսումնական գործընթացին առնչվող խնդիրները
ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը այսօր հանդիպեց ուսանողական խորհրդի ներկայացուցիչների հետ և լսեց նրանց առաջարկությունները՝ ուղղված համալսարանում ուսումնական գործընթացին առնչվող խնդիրների լուծմանը: Մասնավորապես, ՈւԽ-ն նախորդ ամիսների ընթացքում հանդիպումներ է ունեցել բոլոր ֆակուլտետների ուսանողների հետ, արձանագրել նրանց բողոքները, վերհանել շուրջ երեք տասնյակ խնդիրներ ու մշակել առաջարկություններ, որոնք էլ այսօր ներկայացրեց ռեկտորին: Ներկայացվեց շուրջ 10 հարց:
Ողջունելով ուսանողների հետևողականությունը կրթության որակի բարելավման գործում՝ ռեկտորը նշեց, որ առկա խնդիրներին պետք է լուծում տալ՝ հարցը բազմակողմանիորեն դիտարկելուց հետո: Ուսանողները առաջինը բարձրաձայնեցին ուսումնական փորձառության կազմակերպման հարցը. նրանց համոզմամբ, մեկ կիսամյակը քիչ է գործնական գիտելիքները համալրելու համար, ուստի առաջարկվում է փորձառությունը կազմակերպել 3-րդ կուրսի ամառվանից սկսած: Հարցեր հնչեցին` կապված հարցաշարերի և ուսումնական նյութերի անհամապատասխանության, բազմագործոնային գնահատման հետևանքով առաջացող անհավասար պայմանների, առարկայական ծրագրերի արդիականացման և այլնի հետ:
Ռեկտորը առանձին-առանձին պարզաբանեց հարցերը, շեշտադրելով, որ դրանց զգալի մասը մեթոդական խորհրդում քննարկման ենթակա է, որոշների լուծման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում, ապա հավելեց, որ ՈւԽ առաջարկությունները լրացուցիչ կքննարկվեն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին