«Ի՞նչ օգուտներ է տալիս մրցակցության զարգացումը հասարակությանը». ՀՊՏՀ-ում դասախոսեց Արտակ Շաբոյանը
ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի հրավերով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր մեր համալսարանում էր, հանդես եկավ «Ի՞նչ օգուտներ է տալիս մրցակցության զարգացումը հասարակությանը» զեկուցմամբ: Հանդիպմանը մասնակցում էին ռեկտոր Կորյուն Աթոյանը, պրոռեկտորները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, հետազոտողներ, աշխատակիցներ, ուսանողներ:
Ողջունելով ներկաներին՝ ռեկտորն ընդգծեց ՏՄՊՊՀ դերակատարումը, կարևորեց, որ տնտեսագետները իրազեկ լինեն հանձնաժողովի գործունեությանը և նշեց՝ հենց այս նպատակով էլ կազմակերպվել է դասախոսությունը:
Արտակ Շաբոյանը ողջույնի խոսքում շեշտեց, որ ՏՄՊՊՀ-ն իր աշխատանքը բարելավելու, մասնավորապես մրցակցային պաշտպանությունն ուժեղացնելու համար ակնկալում է տնտեսագետների համագործակցությունն ու միշտ պատրաստ է լսելու առաջարկություններ: Զեկուցումն անդրադարձ էր մեր երկրի մրցակցային իրավիճակին, հանձնաժողովի հիմնական աշխատանքային ուղղություններին ու լիազորություններին: Ընդգծելով, որ մրցակցության ուժեղացումից շահում են և' սպառողները, և' տնտեսավարողները, և' պետությունը, բանախոսը թվարկեց հանձնաժողովի հիմնական լիազորությունները (պայքարել գերիշխող դիրքի չարաշահումների դեմ, թույլ չտալ արգելված համակենտրոնացումներ և այլն):
Պարզաբանվեցին գերիշխող դիրք, մենաշնորհային դիրք հասկացությունները, քննարկվեցին գերիշխող դիրքի չարաշահումների մի շարք օրինակներ: Արտակ Շաբոյանը վստահեցրեց՝ Հայաստանում մենաշնորհ չկա: Կոնկրետ ընկերությունների օրինակով դիտարկվեցին նաև ՏՄՊՊՀ կողմից լուծված խնդիրներ, որոնք առնչվել են հակամրցակցային համաձայնություններին, անբարեխիղճ մրցակցությանը, համակենտրոնացումների նկատմամբ վերահսկողությանը և պետական օժանդակության նկատմամբ վերահսկողությանը: Տեղեկատվությամբ հագեցած դասախոսության 2-րդ հատվածում հանձնաժողովի նախագահը ներկայացրեց ՏՄՊՊՀ գործունեության արդյունքների ամփոփ վիճակագրություն, ապա պարզաբանեց, թե ինչպես են լուծում ստանում հանձնաժողովի իրավասություններից դուրս գտնվող մրցակցության խնդիրները:
Բանախոսը նկատեց՝ ՀՀ-ում մրցակցությանն առնչվող հիմնական խնդիրներից է հասարակության իրազեկության ցածր մակարդակը, այնուամենայնիվ, ուրախությամբ արձանագրեց, որ ըստ մրցակցային պայմաններն ու վիճակը գնահատող միակ միջազգային կառույցի (Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցում)՝ նախորդ տարիների համեմատությամբ, Հայաստանը տնտեսական մրցակցության ոլորտում զգալիորեն բարելավել է դիրքերը: Մասնավորապես, հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությամբ, տեղական մրցակցության ուժգնության ցուցանիշով, գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների՝ մրցակցության վրա ունեցած ազդեցության ցուցանիշով մեր երկիրը 2017թ. մի քանի կետով առաջ է անցել՝ 137 երկրների շարքում:
Հանդիպման ավարտին Արտակ Շաբոյանը պատասխանեց լսարանի հարցերին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին