ՀՊՏՀ գիտնականը Հասսելթի համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ
Սույն թվականի մարտի 8-15-ը ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերություններ ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, դոցենտ Դիանա Գալոյանը «Էրազմուս +» ծրագրի շրջանակներում Հասսելթի համալսարանում (Բելգիա) հանդես է եկել դասախոսություններով՝ «Միջազգային առևտրի տեսություններ» և «Հայ-բելգիական արտաքին առևտուրը» թեմաներով: Դասախոսությունները ունկնդրել են Հասսելթի համալսարանի «Միջազգային մարքեթինգ» մասնագիտության մագիստրատուրայի ուսանողները:
Դիանա Գալոյանը նաև հանդիպել է ՀՊՏՀ 7 ուսանողներին, որոնք այս պահին ուսումնառության են մեկնել Հասսելթի համալսարան՝ նույն ծրագրի շրջանակներում: Հայ ուսանողները մարտի 14-ին Հասսելթի համալսարանում կազմակերպված «Համաշխարհային երեկոյի» ընթացքում ներկայացրել են հայկական խորհանոցը, ինչպես նաև երգն ու պարը:
Դիանա Գալոյանի խոսքով՝ փոխանակման նման ծրագրերը ունեն բարձր արդյունավետություն, քանի որ թե՛ դասախոսներին և թե՛ ուսանողներին հնարավորություն է տրվում ծանոթանալու եվրոպական առաջատար բուհերի կրթական ծրագրերին, դասավանդման նորագույն մեթոդներին, բարելավել մասնագիտական որակները, լեզվի իմացությունը, ընդլայնել միջանձնային և միջբուհական կապերը:
«Անհրաժեշտ է տարեցտարի ավելացնել ծրագրին մասնակցող դասախոսների և ուսանողների թվաքանակը, ինչին կարող է նպաստել անգլերեն լեզվի խորացված ուսուցումը մեր բուհում»,- լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց Դիանա Գալոյանը:
Հիշեցնենք, որ վերոնշյալ ծրագիրը մեր համալսարանում համակարգում է արտաքին կապերի բաժինը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին