Մաքրման ծառայություններ կամ փայտիկով կարամել. բիզնես նախագծերը՝ մեր ուսանողների աչքերով (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1368

ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետում այսօր պետական և մունիցիպալ կառավարում ու հակաճգնաժամային կառավարում մասնագիտությունների 3-րդ կուրսի ուսանողները «Մենեջմենթ» առարկայից անհատական աշխատանքների պաշտպանության շրջանակում կառավարման ամբիոնի ասիստենտ Ռուբեն Հայրապետյանի նախաձեռնությամբ ներկայացրեցին իրենց կողմից մշակված բիզնես նախագծերի կառավարմանն ուղղված խմբային աշխատանքների արդյունքները և գործարարության ծրագրերը:


«Այսպիսի աշխատանքների կատարման նպատակն ուսանողներին գիտելիքների տեսական դաշտից գործնական դաշտ բերելն է: Այսօր նրանք կներկայացնեն իրենց պատրաստած բիզնես նախագծերը` համապատասխան գործարարության ծրագրերով»,- ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց Ռուբեն Հայրապետյանը և տեղեկացրեց, որ այսօրվա պաշտպանությունը կրում է «Բիզնես նախագծերի կառավարում» ընդհանուր խորագիրը: 

Հակաճգնաժամային կառավարում մասնագիտացման 3-րդ կուրսի առաջին հետազոտական խումբը ներկայացրեց մաքրման ծառայություններ առաջարկող, իսկ երկրորդ խումբը` փայտիկով կարամել արտադրող ANG ընկերությունների բիզնես նախագծերը: Ուսանողները, հանգամանալից անդրադարձ կատարելով իրենց նախընտրած ոլորտների խնդիրներին, խոսեցին այն պայմանների մասին, որոնք անհրաժեշտ են արդյունավետ գործարարություն ծավալելու համար: Ուսանող հետազոտողները խոսեցին իրենց ներկայացրած բիզնես ծրագրերի նպատակների ու առաքելության մասին, ներկայացրեցին կազմակերպությունների կառուցվածքը, անձնակազմի կառավարումը, մրցակցային առավելությունները, մոտիվացիան, մատուցվող ծառայությունների, առաջարկվող ապարանքների գները, զանազան ռիսկերից ապահովագրման միջոցառումները, տեխնոլոգիական գործընթացի փուլերը, ֆինանսական պլանները, մարքեթինգային հետազոտությունները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին