Ապագա մարքեթոլոգները ներկայացրեցին bordo, Fittel և ABL ֆիրմաները (լուսանկարներ)
Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի մարքեթինգ մասնագիտության 3-րդ կուրսում «Միջազգային մարքեթինգ» առարկայի հերթական սեմինար պարապմունքն այսօր վերածվեց ուսանողների երևակայությամբ ստեղծված նոր արտադրատեսակներ թողարկող կազմակերպությունների շնորհանդեսի: Ուսանողական հետազոտական խմբերը մարքեթինգի ամբիոնի դասախոս Կարեն Բաբաջանյանի ղեկավարությամբ ներկայացրեցին տարբեր ֆիրմաներ և հիմնավորեցին դրանց գոյությունը: Առաջ անցնելով նկատենք, որ ուսանողներն առաջադրված խնդիրներին ստեղծագործաբար մոտենալով` ներկայացան ոչ միայն լուրջ, հետազոտական աշխատանք կատարած, այլև արտադրական հումքի, տեխնոլոգիական գործընթացների ուսումնասիրությամբ, առաջարկություններով, սեփական ապրանքանիշով ու փաթեթավորմամբ ապրանքների ցուցադրությամբ:
Ուսանող մարքեթոլոգների երեք խմբեր ներկայացրեցին միայն տղամարդկանց համար շոկոլադ արտադրող` bordo (կարգախոսը` «Համտեսեք անսպասելին»), ուտելիքի դիզայներական լուծումների համար նախատեսված թել պանիր արտադրող` Fittel (կարգախոսը` «Դարձրու ուտելիքդ արվեստի գործ»), հայկական լավաշ արտադրող` ABL ( կարգախոսը` «Ապրե’ք առանց ավելորդ քաշի») ընկերությունները: Կիրառելով ժամանակակից Prezi և Corel Draw համակարգչային ծրագրերը` ուսանողները դիտարժան դարձրեցին իրենց ֆիրմաների շնորհանդեսը: Ուսանողական խմբերը հանգամանորեն խոսեցին ֆիրմաների 4P-ի մասին (produkt-ապրանք, price-գին, promation-առաջմղում, place-տարածում)` ներկայացնելով շուկայում պահանջարկ վայելելու և հաջողություն ունենալու պատճառները:
«Այսպիսի հետազոտական աշխատանքները մեզ համար անչափ ուսանելի են: Հնարավորություն ենք ունենում ոչ միայն ուսումնասիրվող ոլորտի մասին մեծածավալ տեղեկատվություն, գիտելիքներ ձեռք բերել, այլև ստանալ գործնական գիտելիքներ», - ավարտին մեզ հետ զրույցում նշեց Fittel ֆիրմայի ներկայացուցիչ, ուսանող Արման Արզումանյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին