ՀՊՏՀ հաշվապահական հաշվառում մասնագիտության ուսանողները` մարքեթոլոգներ (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1031

Հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետի հաշվապահական հաշվառում մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները «Մարքեթինգի հիմունքներ» առարկայից անհատական աշխատանքների պաշտպանության շրջանակում, մարքեթինգի ամբիոնի դոցենտ Մարինե Նիկողոսյանի ղեկավարությամբ այսօր ներկայացրեցին իրենց կատարած ուսումնասիրությունները: 
«Մարքեթինգի ամբիոնում լայն կիրառություն ստացած խմբային աշխատանքներ կատարելու արդյունավետ փորձը ցույց տվեց, որ ուսանողները մեծ ոգևորությամբ են կատարում նմանատիպ աշխատանքներ, կարողանում են իրացնել ստացած տեսական գիտելիքները և ներկայացնում են սեփական առաջարկություններով, եզրակացություններով հարուստ աշխատանքներ»,-մինչ կսկսվեր խմբային աշխատանքների պաշտպանությունը` ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց Մարինե Նիկողոսյանը և ավելացրեց, որ այս փորձը հաջողությամբ կիրառում են նաև ՀՊՏՀ մյուս մասնագիտություններում: 
Ապագա հաշվապահ հետազոտողների առաջին խումբը ներկայացրեց իր կատարած ուսումնասիրությունը` նվիրված մարքեթինգային միջավայրին: Հանգամանորեն ներկայացնելով մարքեթինգային միջավայրը` ուսանողներն անդրադարձան դրա բոլոր գործոններին:
Հաջորդ ուսանողական խումբը, բնորոշելով ապրանքը, նրա հատկանիշները, պարբերաշրջանները, բաղադրիչները, մակնիշը, բրենդը, նոր ապրանքը, ներկայացրեց իրենց հիմնադրած` կոշիկ արտադրող AMD երևակայական ՓԲԸ-ն, նրա հաշվեկշիռն ու կանոնադրությունը: Նրանց խոսքերով` իրենց արտադրած ապրանքը լայն կիրառություն կունենա, քանի որ այն նոր գաղափարների, դիզայներական նոր լուծումների, նորարար ու ստեղծարար մտքի ծնունդ է: Այս խմբի ներկայացրած ապրանքը` դարակով կոշիկը, մեծ հավանության արժանացավ նաև ուսանողական լսարանում:
«Անհատական աշխատանքների կատարման այսպիսի եղանակը ոչ միայն մեզ հնարավորություն է տալիս իրականացնելու մեր նոր մոտեցումներն ու գաղափարները, այլև ուսումնասիրվող նյութը դարձնում են առավել հետաքրքրական ու գրավիչ»,-մեզ հետ զրույցում նշեց ուսանողուհի Էսմա Դալլաքյանը` ավելացնելով, որ մյուս դասընթացների գծով էլ շատ կուզենային նման աշխատանքներ կատարել:


ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին