UBAnk էլեկտրոնային ֆինանսական գրադարանը հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Գրադարան» բաժնում
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ՀՊՏՀ և Հայաստանի բանկերի միության միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում այսուհետ ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Գրադարան» բաժնում հասանելի է Հայաստանի բանկերի միության և ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսական Կայունության Գործընկերներ» ծրագրի հետ համագործակցության շրջանակներում համատեղ ֆինանսավորմամբ ստեղծված UBAnk էլեկտրոնային ֆինանսական գրադարանը: Էլեկտրոնային գրադարան կարելի է մուտք գործել՝ լրացնելով անունը և գաղտնաբառը (գրանցումն անվճար է): Էլեկտորոնային գրադրանի կայք կարող եք մուտք գործել նաև` այցելելով www.e-Library.uba.am հասցեով:
Ֆինանսական ոլորտին առնչվող մասնագիտական գրականությամբ հարուստ այս գրադարանը նոր, արդի գիտելիքների շտեմարան է հատկապես ֆինանսական և բանկային ոլորտն ուսումնասիրող մեր մագիստրանտների, ուսանողների, ինչպես նաև մասնագետների համար:
Հիշեցնենք, որ UBAnk էլեկտրոնային գրադարանը ՀՊՏՀ-ում ապրիլի 16-ին ներկայացրել էին Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը և հետազոտությունների ու նախագծերի բաժնի մասնագետ, վերլուծաբան Անի Փալազյանը: Նրանց տեղեկացմամբ`գրադարանի կայքի ստեղծումն իրենք նախաձեռնել են`աշխարհի ճանաչված հրատարակչություններից ձեռք բերելով մոտ 70 գրքի հեղինակային իրավունքները: UBAnk գրադարանում ներառվել է բանկային գործի, միջազգային ֆինանսների, ներդրումների ու արժեթղթերի շուկայի, ֆինանսական կառավարման ոլորտի մասնագիտական բացառիկ և ժամանակակից գրականություն: Ընդգրկված գրքերից երկուսը թարգմանվել են նաև հայերեն: Սեյրան Սարգսյանի հավաստմամբ՝ գրադարանում տեղ գտած գրքերի հեղինակային իրավունքների պաշտպանվածությունը լիովին ապահովված է: