«Միջազգային մարքեթինգ» առարկայի շրջանակում ՀՊՏՀ ուսանողները ներկայացրեցին իրենց հիմնադրած ընկերությունները (լուսանկարներ)
«Միջազգային մարքեթինգ» առարկայի շրջանակում մարքեթինգի ամբիոնի դասախոս Կարեն Բաբաջանյանի ղեկավարությամբ այսօր ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման, ինչպես նաև տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետներում տեղի ունեցավ մարքեթինգ և միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտությունների ուսանողների կատարած խմբային աշխատանքների շնորհանդեսը: Ուսանող հետազոտողները, ուսումնասիրելով աշխարհի առաջատար ընկերությունների փորձը, նրանց ձեռքբերումներն ու հաջողությունները, ներկայացրեցին իրենց ստեղծած երևակայական ընկերությունները:
Առաջինը ներկայացան մարքեթինգ մասնագիտության ուսանողները:
Հետազոտական խմբի անդամները՝ Արմինե Բալասանյանը, Ինեսա Ոսկանյանը, Միլենա Մուշեղյանը, Գևորգ Գևորգյանը, Կարեն Ալեքսանյանը, անդրադառնալով զբոսաշրջության ոլորտին, նշեցին, որ Հայաստանը զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ դարձնելու գործում անելիքները բազմաթիվ են: Նրանց ներկայացմամբ` իրենց հիմնադրած TAROSS զբոսաշրջային գործակալությունը կառաջարկի այնպիսի պայմանններ, որոնք ոգևորիչ ու հետաքրքրական կլինեն, կապահովեն զբոսաշրջիկների հոսք: Զբոսաշրջության ոլորտում կարևորելով ջերմ մարդկային շփումները` TAROSS –ը ոլորտում կներդնի պատմամշակութային, գյուղական, խոհանոցային, հնէաբանական, իրադարձային, արկածային փաթեթները: Ուսանողները խոսեցին նաև գնային քաղաքականության, գովազդի, շուկայում գործակալության դիրքավորման մասին:
Հաջորդ խումբը` ուսանողներ Արմինե Թեմուրյանի, Լուսինե Մելտոնյանի, Սևակ Բաղդյանի մասնակցությամբ, ներկայացնելով «Ռենեվալ» ժամացույցներ արտադրող ընկերությունը, նշեցին, որ կարտադրեն երեք տեսակի` տղամարդկանց, կանանց և դիզայներական ժամացույցներ: Նրանց խոսքով` դրանք կտարբերվեն հայտնի ընկերությունների արտադրանքից. նորաստեղծ ժամացույցների սլաքները կպտտվեն հակառակ ուղղությամբ: Ժամացույցի արտադրությամբ զբաղվող ուսանողները տեղեկացրին, որ այս արտադրանքի մեխանիզմը կլինի մեխանիկական, պատյանը` տիտանային կամ ոսկուց, շղթան` կունենա հատուկ շնչող շերտ: Ուսանողները խոսեցին նաև գովազդին մասին: Նրանց տեղեկացմամբ` իրականացվող ֆրանչայզինգային գործունեության շնորհիվ արտադրանքը կտարածվի նաև արտերկրում:
Միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտության 3-րդ կուրսը իրենց հիմնադրած ընկերությունների շնորհանդեսին ներկայացավ համապատասխան համազգեստներով ու խորհրդանիշերով:
SALENS բժշկական սարքեր արտադրող ընկերությունը հիմնադրած ուսանողները` Դիանա Ասրյանը, Արմենուհի Գալստյանը, Հասմիկ Կարապետյանը, Հայկ Հովհաննիսյանը, Ռոբերտ Մելիքյանը, միմյանց հերթագայելով ցուցադրեցին, առաջարկվող սարքերը` աչքի տեսողությունը բարելավող լինզաներ , արյան մեջ շաքարի, կալիումի և գլյուկոզայի պարունակությունը որոշող սարքեր: Ուսանողները խոսեցին առողջության պահպանման գործում դրանց մեծ դերի մասին: Նրանց տեղեկացմամբ` արտադրանքը պահանջարկ կվայելի և մրցակիցներ գրեթե չի ունենա: Ուսանողներն անդրադարձան արտադրանքի համար ստեղծված փաթեթավորմանը, խոսեցին նաև գնային քաղաքականության, գովազդի մասին:
Գոհար Այվազյանը, Անի Ներսիսյանը, Ծովակ Ոսկանյանը, Նարեկ Դավթյանը. Պողոս Եղիազարյանը ներկայացրեցին սափրվելու պարագաներ արտադրող MASAMO բրենդը: Ուսումնասիրելով շուկան՝ ուսանողները հանգել են այն հետևության, որ պետք է ընտրեն այնպիսի ռազմավարություն, որն առավելություն կտա հենց իրենց ընկերությանը:
Ամբողջովին նորարական մոտեցումով էր ստեղծված CUSTODES ընկերությունը: Ուսանողական խմբի անդամները` Մերի Արմենակյանի, Ելենա Օհանյանի, Անի Սարգսյանի, Մարի Դավթյանի, Ալեն Բարսեղյանի մասնակցությամբ, ընկերության համար որպես խորհդանիշ ընտրելով «Լոտոս»-ը, իսկ որպես կարգախոս` «Պահի’ր գլուխդ սառը , իսկ ոտքերդ` տաք» կարգախոսը, բարձր ջերմաստիճան գրանցող երկրների բնակիչներին առաջակեցին սառեցնող ծածկոցներ, գլխաշորեր և այլ հարմարանքներ, խոսեց իրականացվող գնային քաղաքականության, գովազդի, բիզնեսի ծավալման տարածքների մասին:
Ավարտին`Կարեն Բաբաջանյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց, որ գնահատելի է այն իրողությունը, որ ուսանողները ոչ միայն սեփական տեսակետներով ու եզրահանգումներով աշխատանքներ ներկայացրեցին, այլ դրանք ցուցադրեցին համակարգչային տեխնիկայի օգնությամբ` կիրառելով ժամանակակից Prezi (ներկայացման նոր ծրագիր), Corel Draw ծրագրերը: Կարեն Բաբաջանյանի կարծիքով` այսպիսի ներկայացումները, որ գործնական գիտելիքներ, փորձ ու հմտություններ են հաղորդում, պետք է դառնան ուսումնական գործընթացի անբաժանելի մասը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին