Հունիսի 7–ին մեր բուհում կկայանա «Ֆինանսաբանկային Քոլեջ» Հիմնադրամի հետ երկրորդ հանդիպումը

Դիտումների քանակ՝ 1216

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և «Ֆինանսաբանկային Քոլեջ» Հիմնադրամի նախաձեռնությամբ հունիսի 7-ին, ժամը 12.30-ից 14.00-ը ՀՊՏՀ-ում կկազմակերպվի «ՀՀ ֆինանսաբանկային համակարգում աշխատել ցանկացող անձանց իրազեկվածության բարձրացում» թեմայով երկրորդ հանդիպումը։ Հանդիպումը կվարեն «Ֆինանսաբանկային Քոլեջ» Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սարոյանը և «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ վարչության անդամ, վերլուծությունների և ռիսկերի վարչության պետ Արթուր Համբարձումյանը։

«Ֆինանսաբանկային համակարգում աշխատել ցանկացող անձանց իրազեկվածության բարձրացում» ծրագրի շրջանակներում իրականացվող այս հանդիպման մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու ՀՀ ֆինանսաբանկային համակարգում աշխատանքի անցնելու համար անհրաժեշտ գիտելիքների և կարողությունների նվազագույն պահանջներին, պարզելու իրենց գիտելիքների ու հմտությունների համապատասխանությունը գործատուների սպասումներին, հայտնաբերելու մասնագիտական զարգացման նոր հնարավորություններ: 

Բանախոսները կիրազեկեն նաև «Ֆինանսաբանկային Քոլեջ» Հիմնադրամի շարունակական կրթության և հետազոտական կենտրոնի կողմից պարբերաբար իրականացվող վերապատրաստման երկարաժամկետ դասընթացների մասին, որոնց արդյունավետ յուրացման դեպքում ՀՀ ֆինանսաբանկային համակարգում աշխատել ցանկացողները կդառնան ավելի մրցունակ և կբավարարեն գործատուների պահանջները:
Հանդիպմանը կարող են մասնակցել ՀՊՏՀ երրորդ, ավարտական կուրսերի ուսանողներն ու շրջանավարտները, նաև այն ուսանողները, ովքեր ցանկանություն ունեն աշխատելու ՀՀ բանկային և վարկային կազմակերպություններում:
Հիշեցնենք` առաջին հանդիպումը տեղ էր ունեցել մայիսի 15-ին, որի ընթացքում «Ֆինանսաբանկային Քոլեջ» Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սարոյանը և ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության հետազոտող Վաչե Ղազարյանը հանգամանորեն ներկայացրել էին ֆինանսական համակարգի կառուցվածքը, անդրադարձել բանկային համակարգի կարգավորմանն ու վերահսկողությանը, այստեղ իրականացվող հիմնական գործառույթներին, առկա ռիսկերի մակարդակի որոշմանը: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին