Հավաստագիր և գավաթ՝ մեր բուհի ուսանողական խորհրդին

Դիտումների քանակ՝ 1221

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի ներկայացուցիչները՝ ՈՒԽ–ի «Էկոնոմ պլյուս» ամսագրի խմբագիր Հայկ Բեջանյանն ու ամսագրի ձևավորող Արկադի Սահակյանն այսօր Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մրցանակներ են ստացել։ Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց հավաստագրով և գավաթով մեզ մոտ եկած Հայկ Բեջանյանը՝ նշելով, որ հավաստագիրը տրվել է ՀՊՏՀ ՈՒԽ–ի «Էկոնոմ պլյուս» ամսագրին՝ որպես «Լավագույն ուսանողական թերթ» անվանակարգում հաղթողի։ 
Հիշեցնենք, որ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալարանում մարտի 20-ին բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի ստեղծման 20-ամյակին նվիրված «Մեդիկուսի օրեր» հոբելյանական միջոցառումների շրջանակում կազմակերպվել էր բուհերի ուսանողական ինքնակառավարման կառույցների ծավալած լրատվական գործունեության ցուցահանդես-մրցույթ, որին մասնակցել են Մ. Հերացու անվան պետական բժշկական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանների ուսանողական խորհուրդները:
Նախատեսված հինգ անվանակարգերից չորսում` «Լավագույն ուսանողական  թերթ», «Լավագույն ինտերնետային կայք», «Լավագույն բացիկ, բուկլետ, հրավիրատոմս», «Ուսանողական գիտական աշխատանքների լավագույն ժողովածու», ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը  դարձել է հաղթող:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շնորհավորում է ուսխորհրդին և մաղթում նորանոր հաջողություններ։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին