ՀՀԱ ֆակուլտետում այսօր վերջին ամփոփիչ քննությունն է. հանձնաժողովի նախագահը գովելի է համարում բուհի ղեկավարության մոտեցումը
ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի (ՀՀԱ) ֆակուլտետում առկա մագիստրատուրայի աուդիտ մասնագիտացման 2-րդ կուրսի` «Աուդիտի հիմունքներ» առարկայից ամփոփիչ քննությամբ ֆակուլտետում կավարտվի ամփոփիչ ատեստավորման գործընթացը: Քննություն կհանձնի 12 մագիստրանտ:
Դեկան Աշոտ Մաթևոսյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց, որ 12 մագիստրանտից 9-ը սովորել է գերազանց առաջադիմությամբ և հավելեց, որ մագիստրանտները հաջողությամբ են պաշտպանել նաև մագիստրոսական ատենախոսությունները: Նա հույս հայտնեց, որ ամփոփիչ քննությունից ևս կգրանցվեն բարձր արդյունքներ:
«Նախքան այս մասնագիտացմամբ մագիստրանտներին անդրադառնալը` ուզում եմ արձանագրել ինձ համար շատ հաճելի մի իրողություն. բուհի նոր ղեկավարությունը թարմ շունչ ու ոգևորություն է հաղորդել բոլորին` թե’ ուսանողներին, թե’ դասախոսներին: Կարծում եմ` ժամանակի հրամայականով կատարվող այս բարեփոխումները կրթական որակը բուհում կհասցնեն մի նոր աստիճանի»,- ասաց ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ, ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի մեթոդաբանության, տեղեկատվական տեխնոլոգիաների և միջագային կապերի վարչության պետ Կարեն Առուստամյանը և հավելեց, որ, որպես ՀՊՏՀ շրջանավարտ, իրեն ուրախացնում և գոհացնում է բուհում կրթական որակի բարձրացմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն:
Անդրադառնալով մագիստրանտներին` Կարեն Առուստամյանը նշեց, որ մագիստրոսական ատենախոսությունների պաշտպանության ընթացքում արդեն հասցրել է ճանաչել նրանց: Հանձնաժողովի նախագահի դիտարկմամբ` գովելի է այն հանգամանքը, որ եղել են գործնական բնույթ կրող և այնպիսի մոտեցումներ պարունակող ուսումնասիրություններ, որոնք ի շահ կազմակերպության` կարող են օգտագործվել: Այս առնչությամբ Կարեն Առուստամյանն առաձնացրեց Սևակ Աբրահամյանի ներկայացրած սնանկացման գործընթացին վերաբերող մագիստրոսական ատենախոսությունը:
Հանձնաժողովի նախագահն, անդրադառնալով մագիստրոսական ատենախոսություններին ընդհանրապես, նշեց, որ դրանց մեջ անպայման պետք է արտացոլվի կրթություն-գիտություն-տնտեսություն կապը, և այս ուղղությամբ պետք է աշխատի ոչ միայն բուհը, այլև կրթական ողջ համակարգը: Մեր զրույցի ավարտին Կարեն Առուստամյանը վստահեցրեց, որ մագիստրանտները հաջողությամբ կհանձնեն նաև այսօրվա ամփոփիչ քննությունը: