Ծխելն անդառնալի վնաս է հասցնում. ուսանողները՝ հանուն առողջ ապրելակերպի
ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի թիվ 310 լսարանում մարքեթինգ մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները «Բնօգտագործման տնտեսագիտություն» առարկայի շրջանակներում, բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ Մարինե Ղազարյանի ղեկավարությամբ, այսօր ներկայացրեցին իրենց դիտարկումները ծխախոտի ու ծխելու հասցրած վնասների, միջավայրի ու շրջապատող մարդկանց վրա ծխի վնասակար և կործանարար ազդեցության մասին: Ուսանողները, անդրադառնալով ծխախոտի բիզնեսի շահութաբերությանը, հանգամանորեն խոսեցին ծխախոտի, ծխելու, ծխի էկոլոգիատնտեսական հետևանքների մասին:
Նշվեց, որ թեև ծխախոտի բիզնեսն ապահովում է շահույթ, այնուհանդերձ այն աղտոտում է մթնոլորտը, մեծ վնաս հասցնում մարդու առողջությանը: Ուսանողները խոսեցին նաև պետության կողմից իրականացվող հակածխախոտային պայքարի մասին` նշելով, որ դրա արդյունավետ եղանակներից մեկը գնային քաղաքականությունն է:
Մարդու հոգեկան աշխարհի, առողջության, հոգեբանության վրա ծխախոտի բացասական ազդեցության մասին իրենց դիտարկումները կատարեցին նաև ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ուսանողները: Անդրադառնալով ծխելու արատավոր սովորությանը և ավանդույթներին իսլամի և բուդդայականության մեջ` ապագա աստվածաբանները ծխելը մեղք համարեցին:
«Մեր երիտասարդները պետք է հասկանան, թե որքան մեծ ու անդառնալի վնաս է հասցնում ծխելը: Մեր ուսանողների կատարած այս ուսումնասիրությունները ոչ միայն բնօգտագործման տնտեսագիտության առումով են ուշագրավ, այլև դրանք չծխելու յուրօրինակ կոչ-հորդոր են»,-մեզ հետ զրույցում նշեց բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ Մարինե Ղազարյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին