ՀՀ արժեթղթերի շուկայի ոլորտը ձեռք բերեց բարձրորակ մասնագետներ՝ ի դեմս ՀՊՏՀ նորավարտների

Դիտումների քանակ՝ 974

Թողարկվեց ՀՊՏՀ արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում մասնագիտության բակալավրերի և մագիստրոսների հերթական սերունդը` 52 բակալավր և 25 մագիստրոս: Քննական այս օրերի ընթացքում այս մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը ևս աշխատեց ամբողջ ծանրաբեռնվածությամբ և հագեցած ժամանակացույցով: Հանձնաժողովի նախագահ, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ» ֆոնդային բորսայի գործադիր տնօրեն Կոնստանտին Սարոյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ներկայացրեց ամփոփիչ ատեստավորման մասին իր դիտարկումները, մասնավորապես` ավարտական աշխատանքների պաշտպանությունից ու ամփոփիչ քննություններից ստացած տպավորությունները, որոնք առավելապես դրական են: Նա հատկանշեց, որ շրջանավարտների մեծ մասը տիրապետում է արժեթղթերի շուկայի կառավարման հիմնախնդիրներին, ունի վերլուծական միտք, կուռ տրամաբանություն և ամենակարևորը` ինքնուրույն որոշումներ ընդունելու ունակություն: Հանձնաժողովի նախագահը հատկապես առանձնացրեց մագիստրանտ շրջանավարտներին, որոնց մեջ տարբեր գիտական մրցույթներում հաղթած, գիտական հետազոտություններ կատարած և դրանք հրատարակած ուսանողներ կան: 
«Հավաստիացնում եմ` հանրապետության արժեթղթերի շուկայի ոլորտն այսօր ձեռք բերեց բարձրորակ մասնագետներ, որոնք իրենց գիտելիքները հաջողությամբ կարող են գործադրել ներդրումային ընկերություններում, բանկերում, վարկային կազմակերպություններում, ֆոնդային բորսայում», - մեզ հետ զրույցում նշեց Կոնստանտին Սարոյանը և ավելացրեց, որ արագ փոփոխվող աշխարհում հենց այսպիսի մասնագետներ են անհրաժեշտ:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ֆոնդային բորսայի տնօրենը անդրադարձավ նաև այն փոքրաթիվ շրջանավարտներին, ովքեր անպատասխանատու վերաբերմունք են ցուցաբերել ուսումնառության գործընթացի նկատմամբ և չեն սովորել: «Ցավոք սրտի, ուժեղ ուսանողների կողքին կային նաև թույլերը: Այսպիսինները չեն գտնի իրենց տեղն աշխատանքի շուկայում, քանի որ այսօր բոլոր բնագավառներում առաջին հերթին կարևորվում է գիտելիքը»,-նշեց նա: 
Կոնստանտին Սարոյանը, հաջողություն և բարի երթ մաղթելով արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում մասնագիտության բակալավրերին և մագիստրոսներին, հույս հայտնեց, որ ուսումնառության տարիների ընթացքում ձեռք բերած տեսական գիտելիքներն ապագայում կամրապնդվեն փորձով և կզարգանան ժամանակի պահանջներին համահունչ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին